Տպել
31.01.2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենքների նախագծեր
1 / 3

Առաջարկվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, որը նպաստելու է Հայաստանում բժշկական օգնության որակի բարձրացմանը, իսկ կարգավորումները համահունչ կլինեն զարգացած երկրներում գործող կարգավորումներին:

Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի նիստում:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին, պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ անհատական լիցենզիա չունեցող զորամասային օղակում աշխատող բուժաշխատողի, անցումային եւ անհատական լիցենզիա ստացած ռազմական բժիշկների կարգավիճակների, անհատական լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ օրենքով սահմանված հիմքերի վերաբերյալ:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի դիտարկմամբ երկու անհատական լիցենզիայի առկայության դեպքերի առնչությամբ հստակ կարգավորումներ են անհրաժեշտ: Այս եւ որոշ տեխնիկական այլ խմբագրումներ իրականացնելու նպատակով հանձնաժողովն օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգել է երկամսյա ժամկետով:

«Այս օրենքը համապարփակ կարգավորելու է հանրային առողջապահության ոլորտը եւ ունենալու ենք թե՛ հասկացությունների, թե՛ կարգավորման ռեժիմների, թե՛ որոշակի նոր գործառույթների շրջանակ»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Հանրային առողջապահության մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն առաջարկել է օրենքում ամրագրված «ոչ բուժական բնույթի լիցենզիա» դրույթը փոխարինել «համապատասխան բնույթի լիցենզիա» ձեւակերպմամբ:

Առաջարկն ընդունվել է: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: