Տպել
06.02.2024
Օրենսդրական փոփոխություններ` ուղղված նշանակված տուգանքների նվազեցմանը
1 / 1

Ազգային ժողովը փետրվարի 6-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Օրենսդրական փաթեթում ներառված փոփոխությունները  վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը, վարչական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը:

Արփինե Սարգսյանի խոսքով այս պահին ոստիկանության կողմից, հատկապես  ճանապարհային երթեւեկության  կանոնների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցների ծանուցումներն իրականացվում են թղթային տարբերակով, ինչը բեռ է պետության վրա եւ անհարիր ընդունված միջազգային փորձին: Նախաձեռնությամբ առաջարկվում է քաղաքացիներին բերել թվայնացման դաշտ: Այսինքն՝ եթե քաղաքացիները Roadpolice.am հավելվածի միջոցով ներկայացնեն էլեկտրոնային փոստի ընդունելի հասցե, այդ դեպքում վարչական պատասխանատվության միջոց կիրառելու մասին ծանուցումը կուղարկվի այդ հասցեին, ինչի արդյունքում ի սկզբանե նախատեսված տուգանքի չափը կզեղչվի 20 տոկոսով: Oրինակ՝ եթե 5000 դրամ էր տուգանքի չափը, էլեկտրոնային հասցեով ստանալու դեպքում տուգանքը կկազմի 4000 դրամ: Այս փոփոխությունը նախատեսվում է ուժի մեջ մտցնել հուլիսի 1-ից:

Առաջարկվում է նաեւ մեկ այլ փոփոխություն: Այսպես՝ եթե քաղաքացին ծանուցվելու օրվան հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 70 տոկոսը վճարի, ապա տուգանքի վճարման պարտականությունը կհամարվի ամբողջությամբ կատարված՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու   դեպքի: Այսինքն՝ սահմանված տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչ:

Առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ՝ ուղղված տուգանքների հետ կապված բողոքարկմանը:

Զեկուցողին ուղղվել են հարցեր, որոնք վերաբերել են ոլորտի խնդիրներին, բողոքարկման հետ կապված հարցերին, տուգանքի նվազեցման համակարգին այլն: Առաջարկվել է սոցիալական հոլովակների միջոցով քաղաքացիներին ներկայացնել եւ պարզաբանել նախատեսված փոփոխությունները:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ փետրվարի 7-ի նիստում: