Տպել
27.02.2024
Նախատեսվում է ԵԱՏՄ բյուջեի հաշվին ֆինանսական աջակցություն տրամադրել ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի համար
1 / 3

Խորհրդարանը քննարկել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծեր իրականացվելիս ֆինանսական աջակցություն տրամադրելու մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Տերյանը տեղեկացրել է, որ փաստաթուղթը ստորագրվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2023 թվականին:

Փոփոխության նպատակն է ստեղծել Եվրասիական տնտեսական միության շրջանակում արդյունաբերության ոլորտներում կոոպերացիոն ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցության նոր գործիք: Նախատեսվում է ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական  համագործակցության միջոցով խթանել փոխշահավետ կոոպերացիոն ծրագրեր, ստեղծել բարձր տեխնոլոգիական, նորարական եւ մրցունակ արտադրանք, ԵԱՏՄ բյուջեի հաշվին տրամադրել ֆինանսական աջակցություն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի համար:

Նարեկ Տերյանը նշել է, որ կոոպերացիոն եւ համատեղ կոոպերացիոն ծրագրեր կհամարվեն այն ծրագրերը, որոնց կմասնակցի երեք եւ ավելի պետություն: Աջակցության չափը կկազմի մոտ 20-22 մլն ԱՄՆ դոլար: Մեկ ծրագրի տարեկան սուբսիդավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել շուրջ 3,8 մլն ԱՄՆ դոլարը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մտահոգություն է հայտնել, որ տեղական կաթնամթերք արտադրողների համար ԵԱՏՄ շուկան փակ է: Ի պատասխան՝ Նարեկ Տերյանը նշել է, որ հայկական արտադրողի համար ԵԱՏՄ շուկան փակ չէ. «Արգելված չէ հայկական կաթնամթերքն արտահանել ԵԱՏՄ շուկա: Հայկական այն արտադրողները, որոնք ներառված են երկկողմանի արտադրողների ռեեստրում, իրենց արտադրանքն արտահանում են ԵԱՏՄ շուկա»: Նարեկ Տերյանի խոսքով կան խնդիրներ, որոնք նախարարությունը փորձում է լուծել:

Հարակից զեկուցող Ալեքսեյ Սանդիկովը տեղեկացրել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է գլխադասային՝ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի փետրվարի 27-ի նիստում: