Տպել
27.02.2024
Նախատեսվում է էականորեն բարելավել խաղային գործունեության ոլորտի կարգավորումները
1 / 4

Հիմնական եւ առանցքային փոփոխությունն այն է, որ առաջին անգամ Հայաստանում կներդրվի համակարգ, որը հնարավորություն կտա թվային գործիքների միջոցով վերահսկել խաղային բոլոր տեսակների նկատմամբ օրենսդրության պահանջները թե՛ սպառողների շահերի պաշտպանության, թե՛ ֆիսկալ հսկողության տեսանկյունից: Այս մասին ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝  առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

«Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագծով  կարգավորվում են  իրավահարաբերությունները խաղային գործունեության ոլորտում, ինչպես նաեւ սահմանվում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Սահմանվում է, որ  խաղային գործունեությունը մոլախաղերի, ինտերնետ մոլախաղերի, բուքմեյքերային գործունեության, վիճակախաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունն է:  Նախագծով  սահմանվում  են մոլախաղ, ինտերնետ մոլախաղ, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղ, վիճակախաղ եւ շահումով այլ խաղ հասկացությունները: Սահմանվում են խաղային գործունեության կազմակերպմանը ներկայացվող ընդհանուր պահանջները: Սահմանված է, որ խաղերի կազմակերպիչների եւ խաղացողների հարաբերությունները հիմնվում են պայմանագրի վրա, որը կնքվում է կազմակերպչի կանոնակարգին համաձայն:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադառնալով օրինագծի կարգավորումներին` Ռուստամ Բադասյանը նշել է, որ անձն ինքը կարող է  սահմանափակել իր մասնակցությունը խաղալուն: «Այսինքն՝ ինքը կարող է կամավոր դիմել եւ ասել, որ ես չեմ ցանկանում օգտվել որեւէ խաղային ապարատից եւ նաեւ օնլայն, եթե գրանցվեմ, ինձ արգելափակեք: Այդպիսի հնարավորություն կա: Ամբողջ՝ թե՛ օնլայն սեկտորը, թե՛ կենդանի խաղերը, թե՛ խաղային ապարատներով խաղերը վերահսկելի լինելու են: Մենք հստակ գիտենք, թե ինչպես դա վերահսկել, գիտենք, թե որն է միջազգային ստանդարտը, գիտենք, թե ինչպես ենք ստուգելու միջազգային ստանդարտի համապատասխանությունը, գիտենք, թե ինչպես ենք ամբողջ սեկտորը վերահսկելու: Կարծում եմ՝ փոփոխություններից հետո եւ կիրարկման փուլում կհամոզվենք, որ ոլորտում էականորեն բարելավեցինք կարգավորումները»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը:

Արմենուհի Կյուրեղյանի հարցը վերաբերել է խաղային գործունեություն ծավալող գովազդային վահանակների առկայությանն  արգելված վայրերում: Ըստ նրա՝ նման մի վահանակ այժմ առկա է մետրոյի Երիտասարդական կայարանի  տարածքում: «Ինչո՞ւ է այնտեղ այդ գովազդային վահանակը, ինչո՞ւ չի վերահսկվում»,- հարցրել է պատգամավորը:  Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ անմիջապես գործողություններ կձեռնարկվեն եւ արդյունքների մասին կհայտնեն:

ՊԵԿ նախագահը նաեւ հայտնել է, որ գովազդները հիմնականում տեղափոխվել են ինտերնետ տիրույթ, որտեղ իրականացվում են դիտարկումներ, նախաձեռնվում վարույթներ:

«Իսկ ինչ վերաբերում է սահմանափակումներին, նախագծով ընդլայնվում են սահմանափակումների տեսակներն ու շրջանակը»,- ասել է զեկուցողը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:

Ելույթ ունեցող պատգամավորները հանդես են եկել մի շարք առաջարկներով: Հատկապես կարեւոր են համարվել  խաղադրույք կատարելու իրավունք ունեցողների տարիքային շեմի բարձրացումն ու վերահսկողության ավելացումը ոլորտում:

Արտահերթ ելույթ ունենալով՝ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն անհրաժեշտ է համարել բարձրացնել խաղադրույք կատարելու իրավունք ունեցողների տարիքային շեմը: ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել նաեւ այն հանգամանքը, որ  պետական համակարգում, կամ այլ կառույցներում լինեն  խաղադրույք կատարողներ: «Ես չեմ պատկերացնում, որ մեր պետական համակարգում կամ որեւէ տնտեսվարողի մոտ լինի որեւէ մարդ, որը խաղամոլ է: Պարզ է, չէ՞, որ նրա արդյունավետությունն առնվազն անգամներով պակաս է լինելու, չհաշված, որ դա «վարակիչ» է: Եթե մի սենյակում խաղամոլ կա նստած, կողքինները «վարակվելու» են այդ խաղամոլությամբ: Խնդրում եմ այս առաջարկները հաշվի առնել մինչեւ երկրորդ ընթերցում»,- ասել է նա:

Եզրափակիչ ելույթում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է հնչեցված առաջարկներին, տվել պարզաբանումներ:

Առաջարկները կքննարկվեն մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելը:


12.09.2024
Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ելույթը Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...