«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ փետրվարի 27-ի նիստում:
Հիմնական զեկուցող, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է սահմանել բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում պետական կառավարման մարմնի, մարզպետների եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:
Օրենքի նախագծով պատասխանատվություն է նախատեսվում նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի մասով սահմանված պարտականությունների չկատարման համար:
Զեկուցողի խոսքով բազմաբնակարան շենքի կառուցումից հետո մինչեւ սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, կառուցապատողը սեփականատերերի անունից ձեւավորում է կառավարման մարմին: Կառուցապատողը կառավարման մարմնին է փոխանցում նախագծային փաստաթղթերը, իսկ դրանք չփոխանցելու դեպքում ենթարկվում է վարչական պատասխանատվության:
Օրինագծով սահմանվում են նաեւ բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչեւ կառավարման մարմնի ձեւավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման առանձնահատկություններն ու սահմանափակումները:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ-ի փետրվարի 28-ի նիստում: