Տպել
19.03.2024
Հայաստանի մյուս համայնքներում եւս կգործեն շրջիկ առեւտրի վերաբերյալ կարգավորումները
1 / 3

Մենք մոտ մեկ տարի առաջ ընդունեցինք օրենքներ այս թեմայով  եւ Երեւանում կանոնակարգեցինք շրջիկ առեւտուրը: Դեռեւս այն ժամանակ Ազգային ժողովի  հետ քննարկումներում պայմանավորվեցինք եւ խոստացանք, որ Երեւանի փորձը հաշվի առնելով, որոշակի եզրակացություններ անելուց հետո`  կներկայացնենք նաեւ փոփոխություններ, համաձայն որոնց` այս  կանոնակարգումները կտարածվեն նաեւ Հայաստանի  մյուս համայնքների վրա: Հիմա, փաստորեն, մենք այդ գործընթացն ենք իրականացրել  եւ մեր կողմից առաջարկվող փոփոխություններով կարգավորումները կտարածվեն մյուս բոլոր համայնքների վրա: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ կից ներկայացված օրենսդրական փաթեթը: Նա հավելել է, որ առայժմ  համայնքների համար կլինի մեկ բացառություն, որը վերաբերում է էլեկտրոնային հատուկ կայքէջի  միջոցով շրջիկ առեւտրի թույլտվություններ տրամադրելուն:

Փոխնախարարի խոսքով շրջիկ առեւտրի ոլորտում Երեւանում ներդրված այս կանոնակարգումները դրական արդյունք են ցույց տվել, ինչից կարող են օգտվել մյուս համայնքները:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ մարտի 19-ի հերթական նիստում եւ ընդունվել առաջին ընթերցմամբ: