Տպել
25.03.2024
Ներկայացվել են 2023 թ. Ներքին գործերի նախարարությունում իրականացված բարեփոխումներն ու ծրագրերը
1 / 9

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն:

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախ ներկայացրել է նախարարության ձեւավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կառուցվածքային վերափոխման գործընթացը: Ոստիկանությունը` որպես մասնագիտական կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով` Քրեական ոստիկանություն, Պարեկային ծառայություն, Ոստիկանության գվարդիա եւ Համայնքային ոստիկանություն: Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, Երեւանում եւ մարզերում 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումներն ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները:

Վահե Ղազարյանի խոսքով Պարեկային ծառայությունը ներդրվել է հանրապետության ամբողջ տարածքում: Այն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում` գործարանային վիճակում գտնվող 630 ավտոմեքենա: Նախարարը մանրամասն ներկայացրել է ծառայության իրականացման ընթացքը, ջրային պարեկների գործունեությունը:

Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից ընդունվել են Համայնքային ոստիկանության վերաիմաստավորման ու Քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Բարձրաձայնվել է Քրեական ոստիկանության կադրային համալրման նպատակով հայտարարված մրցույթի գործընթացը:

Խոսելով Ոստիկանության գվարդիայի ձեւավորման հայեցակարգից` Վահե Ղազարյանը նշել է, որ բացառվում է Ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը. այն լինելու է բացառապես ոստիկանական ծառայություն` դուրս բերելով այն զորքերի իրավական կարգավիճակից:

Անդրադառնալով ոստիկանության համակարգում կատարված օրենսդրական բարեփոխումներին` նախարարն ընդգծել է, որ ոստիկաններին ատեստավորման միջոցով աշխատավարձից բացի հավելավճար ստանալու հնարավորություն է տրվել: Նրա խոսքով նախկինում 222,000 դրամ ստացող օպերատիվ աշխատակիցը, ատեստավորումը գերազանց հանձնելով, ստանում է 459,000 դրամ: Նշվել է, որ փրկարար ծառայության աշխատակիցները եւս օգտվում են ատեստավորման միջոցով վարձատրությունը բարձրացնելու հնարավորությունից:

Նախարարի համոզմամբ ոստիկանության համակարգի բարեփոխումների արդյունքում է աճել համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Ըստ նրա` այս մասին են վկայում նաեւ հասարակական կազմակերպությունների վերլուծությունները:

Նշվել է, որ փրկարար ծառայությունը համալրվել է 8 ամենագնացներով, ձեռք է բերվել 2 անօդաչու թռչող սարք, հաստատվել են աղետների ռիսկերի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը եւ 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը:

Մանրամասն ներկայացվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  աղետների դիմակայության, միգրացիոն հոսքերի կառավարման եւ այլ ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքը:

Վահե Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը: Ներկայումս ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել 76,339 անձ, հաշվառվել 79,682-ը, իսկ քաղաքացիության համար դիմել է 1437 անձ:

Հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման հարցում բարեփոխումներին, համապատասխան կառույցի կողմից ճանապարհային նշանների ճշգրիտ տեղադրմանը, որոշ վայրերում գծանշումների բացակայությանը, մայրուղիների լուսավորության ապահովմանը, ոստիկանության ուժերի կողմից երբեմն ուժի կիրառման անհամաչափությանը, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում պատժի խստացմանն ու պայքարի արդյունավետության մեխանիզմներին եւ այլ հարցերի:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ հաշվետու տարում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Նա բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողների երեկվա գործողությունները, որոնց արդյունքում կանխվեցին հետագա զարգացումները: Հիշեցնենք, որ երեկ նռնակներով զինված 3 անձ մոտեցել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը:

Նախարարը պատգամավորներին մտահոգող մի շարք այլ հարցերի վերաբերյալ եւս տվել է պարզաբանումներ:


11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...