Տպել
27.03.2024
Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ԱՄԷ պատվիրակության հետ
1 / 2

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առեւտրատնտեսական համագործակցության կարեւորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աննախադեպ աճը:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի առաջին առեւտրային գործընկերն է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, եւ այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ:

«Հայ-էմիրաթական փոխգործակցության խոստումնալից ուղղություններ կարող են լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, կրթության եւ գիտության, տուրիզմի ոլորտները, ինչպես նաեւ լոգիստիկ եւ փոխշահավետ ներդրումային նախագծերում համագործակցության հնարավորությունները»,- կարեւորել է Հակոբ Արշակյանը:

Ալի Ռաշիդ Ալ-Նուայիմիին իր հերթին նշել է, որ հունվարին Հայաստան կատարած այցից հետո ԱՄԷ-ն հետաքրքրություն է հայտնել Ակադեմիական եւ Ինժեներական քաղաքների շրջանակներում համագործակցության ընդլայնման եւ փոխայցերի հնարավորության վերաբերյալ:

ՀՀ եւ ԱՄԷ պատվիրակներն արձանագրել են՝ կգործադրեն հավելյալ ջանքեր, որ հայ-էմիրաթական համագործակցության հաջողության պատմությունները միայն ավելանան:

Հայկական պատվիրակությունն իր աջակցությունն է հայտնել ցանկացած նախաձեռնությանը, որը միտված կլինի հայ-էմիրաթական քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Հասմիկ Հակոբյանը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...