Տպել
09.04.2024
Քննարկվել են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունները
1 / 2

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Կառավարության առաջարկած լրացումներն եւ փոփոխություններն առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են ապրիլի 9-ի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է բարձրացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները: Դրանք կհամապատասխանեցվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված գործակիցների չափերին: Զեկուցողի խոսքով փոփոխություններն իրականացվում են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ երկու անկախ պետական մարմիններն ընտրությունների հետ կապված ունեն համանման գործառույթներ:

Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով աշխատավարձի բարձրացումը պայմանավորված է տվյալ մարմնի սահմանադրական կարգավիճակով: Պատգամավորը կոչ է արել գործընկերներին հարգել սահմանադրական կանոնակարգումներն ու անկախ մարմինների կարգավիճակը եւ փորձել ապահովել անկախ մարմինների նախագահների եւ անդամների համար համարժեք վարձատրության հնարավորություն: