Տպել
09.04.2024
Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը
1 / 2

Օրենսդրական փաթեթն ուղղված է ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ԱԺ ապրիլի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Փոխնախարարը կարեւորել է ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման պարտադիր պահանջի սահմանումը` ճանապարհների կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման ժամանակ: Ճանապարհային անվտանգության աուդիտը նախատեսվում է իրականացնել ճանապարհների նախագծման, շինարարության փուլերում, ինչպես նաեւ ճանապարհը շահագործման հանձնելուց մեկ տարի հետո:  Քրիստինե Ղալեչյանի  տեղեկացմամբ  նախատեսված է նաեւ  ճանապարհային անվտանգության աուդիտորներին որակավորելու պահանջ: Որակավորման քննությունների անցկացման եւ որակավորման վկայականի տրամադրման նպատակով «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացման համաձայն որակավորման քննություն ընդունելու համար առաջարկվում է սահմանել պետական տուրք` բազային տուրքի քսանապատիկի չափով, իսկ  որակավորման վկայական տալու համար տուրքը կկազմի բազային տուրքի տասնապատիկի չափ: Առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ:

Նախաձեռնության վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հովիկ Աղազարյանը: «Շատ կարեւոր նախագծեր են եւ նպատակ ունեն ուժեղացնել կարգավորումները մեզ համար շատ կենսական բնագավառում»,- ասել է պատգամավորը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները հետաքրքրվել են կառուցվող եւ վերանորոգվող ճանապարհների խնդիրներով,  փոսալցման հարցերով,  գծանշումների ցածր որակով, չգծանշված ճանապարհներով եւ հարակից այլ խնդիրների կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներով: