Տպել
11.04.2024
2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով. Բաբկեն Թունյան
1 / 3

2023 թվականին տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական աճը կազմել է 29,5 տոկոս, միջին տարեկան աճը եղել է 9,8 տոկոս, ինչը մեր առջեւ դրված թիրախից բարձր է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով հաշվետու տարվա տնտեսական զարգացումներին եւ գրանցված ցուցանիշներին:

Ազգային ժողովն ապրիլի 11-ի նիստում շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

Բաբկեն Թունյանի ներկայացմամբ անցյալ տարվա տվյալներով տնտեսության աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ` գյուղատնտեսության, որտեղ արձանագրվել է թեթեւ անկում: Սակայն, ըստ զեկուցողի, ցուցանիշը որոշ չափով պայմանավորված է վիճակագրական տվյալների թերի լինելով:

Մշտապես հնչող քննադատություններին ի պատասխան` Բաբկեն Թունյանը նշել է, որ 2023 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է գնանկում` 0,6 տոկոսի չափով, իսկ տարեկան միջին գնաճը կազմել է 2 տոկոս: Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում միջին աշխատավարձն աճել է 14,6 տոկոսով. գրանցվել է աշխատավարձերի առաջանցիկ աճ գների նկատմամբ: Արտահանման առաջանցիկ աճ է գրանցվել նաեւ ներմուծման նկատմամբ: Զբոսաշրջության ոլորտում եւս գրանցվել է էական աճ: 2023 թվականին Հայաստան է այցելել ավելի քան 2,3 մլն զբոսաշրջիկ: Աշխատանքի արտադրողականությունը ՀՀ-ում վերջին երեք տարիների ընթացքում աճել է 1,5 անգամ: Գործազրկության մակարդակը կազմել է 12 տոկոս: Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն անցյալ տարվա վերջին կազմել է 48 տոկոս: Անդրադառնալով կապիտալ ծախսերին` զեկուցողը նշել է, որ անցյալ տարի կապիտալ ծախսերի ճշտված պլանը եղել է 516 մլրդ դրամ, կատարողականը` շուրջ 96 տոկոս: «Այսինքն` մենք մի կողմից բարձրացրել ենք կապիտալ ծախսերի շեմը եւ ապահովել նաեւ ավելի բարձր կատարողական, ինչը նշանակում է, որ մեր տնտեսական աճի պոտենցիալը գալիք տարիների համար բավականին ավելացել է»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը` հավելելով, որ անցյալ տարի եղել են ֆորս-մաժորային այնպիսի իրավիճակներ, ինչպիսին էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 հազար մեր հայրենակիցների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը, զեկուցողի ներկայացմամբ, բավականին ծավալուն աշխատանք է պահանջել թե' ֆինանսական եւ թե' ռեսուրսների առումով:

Հանձնաժողովի նախագահի տեղակալի գնահատմամբ այս ամենով հանդերձ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ցուցադրել է բարձր դիմադրողականություն եւ կարողացել է պատշաճ արձագանքել առկա մարտահրավերներին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բավականին արդյունավետ է աշխատել Կառավարության հետ, ընդունվել են բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, փոփոխություններ, լրացումներ` ուղղված տնտեսական միջավայրի բարելավմանը: Զգալիորեն բարելավվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը:

Ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե տնտեսական աճի տեմպերը մեկ երրորդով դանդաղել են` Բաբկեն Թունյանը պատասխանել է. «Մենք ունենք Կառավարության ծրագրով սահմանված թիրախ` առնվազն տարեկան 7 տոկոս տնտեսական աճ եւ մենք համեմատում ենք դրա հետ»: Հանձնաժողովի նախագահի տեղակալն անդրադարձել է նաեւ մասնավոր տրանսֆերտների նվազմանն ու ոսկերչական արտադրատեսակների աճին վերաբերող հարցերին: Նրա ներկայացմամբ անցյալ տարվա վերջից սկսած ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունն ու արտահանումը:
 


26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու...

26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...