Տպել
03.10.2006
Խորհրդարանը քննարկում է «Թիկնազորային գործունեության մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին շարունակեց քառօրյայի  աշխատանքները: Քվեարկության դրվեցին նախորդ հերթական եւ արտահերթ նիստերում, ինչպես նաեւ ընթացիկ քառօրյայի առաջին նիստումքննարկում անցած բոլոր օրինագծերը: Բացառությամբ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նախագծի ու կից երկու օրենքներում փոփոխությունների փաթեթի եւ«ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին» համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին հանրապետության նախագահի առաջարկի, մնացած նախագծերն ընդունվեցին:Իսկ այլընտրանքային ընթացակարգով քննարկված` «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրինագծերից որպես հիմք ընտրվեց առաջինը: Հիշեցնենք, որ այն նախաձեռնել էին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, իսկ մերժված օրինագծի հեղինակը ՄԱԿ խմբակցությունն էր:

Քառօրյայի օրակարգային հարցերից էր «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը ներկայացրեց, որ փոփոխությունները պայմանավորված են մի շարք միջազգային պայմանագրերում ձեւակերպված սահմանումները օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Խոսքը տվյալ դեպքում կոռուպցիոն հանցագործություններիդեմ պայքարին վերաբերող համաձայնագրերի մասին է: Առաջարկվող փոփոխություններից մեկով նախատեսվում է ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգությանն ուղղված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը կամ արդարացնելը պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով: Կամ էլ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:Պատժամիջոցներ են սահմանված նաեւ համակարգչային համակարգում մանկական պոռնոգրաֆիայի մասին տվյալների պահպանման համար:Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Պատգամավոր Հրանուշ Հակոբյանը պատգամավորներին ներկայացրեց «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:Նախագծի համահեղինակն առաջարկում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացնող պետական մասնագիտացված կազմակերպությունների աշխատողների նվազագույն աշխատավարձը սահմանել գործող նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով` նախատեսելով նաեւ աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար: Կառավարությունն արդեն իսկ այս նպատակով գումարներ է նախատեսել 2007 թ. բյուջեի նախագծում: Նշենք նաեւ, որ 2007 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը 15 հազար դրամի փոխարեն կկազմի 20 հազար:Այսօր հանրապետությունում գործում է 13 մասնագիտացված հաստատություն, հաշվառված է 4500 երկկողմ եւ 32 հազար միակողմանի ծնողազուրկ երեխա: Հարցի վերաբերյալ ներկայացնելով գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` Մկրտիչ Մինասյանը նշեց, որ աշխատավարձի զգալի բարձրացումը խթան կհանդիսանաերեխաներին պատշաճ մակարդակով խնամելու եւ օգնելու համար:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար պատգամավորներին ներկայացվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամներիսոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:

ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Մհեր Շահգելդյանը շրջանառության մեջ են դրել «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին» օրենքի նախագիծ, որը եւ նիստում դարձավ բուռն քննարկման առարկա: Նախագիծը, մինչ լիագումար նիստում ներկայացնելը, քննարկվել է խորհրդարանական լսումներում, շահագրգիռ կողմերի հետ:Ինչպես ներկայացրեց Հրայր Կարապետյանը, օրինագիծը վերաբերելու է միայն մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնողներին, որոնք պարտավոր կլ ինեն բարդ ընթացակարգով լիցենզիա ստանալ այդօրինակ գործունեության համար:Նախագծով արգելվում է օտարերկրյա անձանց մեր երկրում իրականացնել թիկնազորային գործառույթներ: Նախագծի համահեղինակը նշեց, որ անհրաժեշտ է այսօր թիկնազորային գործունեությամբ զբաղվողներին բերել իրավական դաշտ` դարձնելով այն վերահսկելի: Թիկնազորային կազմակերպություններին եւ թիկնապահներին զենք ձեռքբերելու թույլտվությունը կկարգավորվի «Զենքի մասին» օրենքով:Իսկ հատուկ եւտեխնիկական միջոցների օգտագործումը կարգավորվում է ներկայացված նախագծով: Հրայր Կարապետյանընշեց, որ ոստիկանության կողմից ստացված 17 առաջարկություննախատեսում են արտացոլել փաստաթղթում առաջին ընթերցումից հետո: Կառավարությունը, սակայն, նախագծի վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացություն: Ըստ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանի, քննարկվող նախագիծն ունի հայեցակարգային բնույթ: Նա ներկայացրեց միջազգային փորձի մասին տեղեկություններ, որոնց համաձայն համանուն օրենքները սովորաբար բուն նպատակին չեն ծառայում, եւ արդյունքում թիկնապահական գործունեություն իրականացնողները ներքաշվում են տարբեր խմբավորումների մեջ` ստեղծելովքրեածին իրավիճակ: Փոխոստիկանապետի տվյալներով, Ռուսաստանում 25 հազար թիկնապահ է զրկվել լիցենզիայից,52-ը ենթարկվել են քրեական եւ 17 հազար 500-ը` վարչական պատասխանատվության: Նախագծի ընդունման աննպատակահարմարության մասին է վկայում նաեւ պրն. Մահտեսյանի ներկայացրած մյուս փաստարկը. այսօր ոստիկանությունում գործում եւ 38 սուբյեկտի պահպանություն է իրականացնում թիկնազորային վաշտը:Կառավարության ներկայացուցիչը նաեւ վտանգավոր է համարում զենքի շրջանառության ավելացումը: Ի տարբերություն կառավարության, խորհրդարանիպաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել: Հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը նշեց, որ նախագիծը դաշտը կարգավորելու եւ վերահսկելու, չափանիշներ սահմանելու հնարավորություն է ընձեռում:

Քննարկման ընթացքում հնչեցին թե հօգուտ օրինագծի եւ թե դրան դեմ կարծիքներ: Ոմանք դրական են գնահատում պետության կողմից դաշտը վերահսկելու ընձեռված հնարավորությունը, ոմանք էլ տեսնում են զինված խմբավորումների գործունեությունն օրինականացնելու վտանգ: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն արտահերթ ելույթում  նշեց, որ նախագիծն ունի ոչ թե քաղաքական, այլ` հասարակական կարեւոր նշանակություն: Խորհրդարանի փոխնախագահը հենց դրանով է բացատրում, որ նախագիծը պաշտպանում կամ մերժում են թե ընդդիմադիր, թե իշխանական թեւի պատգամավորները: ԱԺ փոխնախագահը կարծում է, որ թիկնապահական ծառայություններից օգտվել ցանկացողների թիվը շատ ավելին է, քան կառավարության ներկայացրած 38-ը: Բացի այդ, ԱԺ փոխնախագահը տեսնում է ոլորտում առկա անվերահսկելիությունն ու անպատժելիությունը վերացնելու անհրաժեշտություն: Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` այսօր արդեն իսկ գործում են թիկնազորային կազմակերպություններ եւ պետք է կարգավորել նրանց գործունեությունը` բացառելով զենքի ստվերային շրջանառությունը:

Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 4-ի նիստում:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` քառօրյայի երկրորդ նիստն ավարտվեց պատգամավորների հայտարարություններով:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...