Տպել
22.04.2024
Քննարկվել են հայ-ամերիկյան խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 22-ին ընդունել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնին:

Հայ խորհրդարանականները խոսել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակից, ներկայացրել Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

ԱԺ պատգամավորներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո վերջիններիս մարդասիրական խնդիրներին, փախստականների կարիքների հոգալուն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Այս համատեքստում հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ԱՄՆ կառավարությանը` օժանդակություն ցուցաբերելու համար, ընդգծել միջազգային գործընկերների շարունակական աջակցության անհրաժեշտությունը:

Հյուրին ներկայացվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: 
 
Քննարկվել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական կապերին, մասնավորապես արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: