Տպել
30.04.2024
ԱԺ-ն սկսել է հերթական նիստերի աշխատանքը. «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը չընդգրկվեց նստաշրջանի օրակարգում
1 / 11

Ազգային ժողովն ապրիլի 30-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար պատգամավորները քննարկել են ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ին նախագիծը քննարկել էր եւ տվել բացասական եզրակացություն:

Ելույթ ունենալով՝ հիմնական զեկուցողը քննադատել է իրականացվող սահմանազատման գործընթացը եւ նշել, որ խմբակցությունը փորձ է արել ներկայացնել հայտարարություն, որով կկանոնակարգվի այդ գործընթացը: Ընդդիմադիր խմբակցությունը կողմ է, որ լինի սահմանազատում, սակայն, ըստ նրանց, դրա հիմքը պետք է լինեն 1993 թվականից փաստացի գործող սահմանները:

Հարակից ելույթում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը նշել է՝ սահմանազատման գործընթացով Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում ոչ մեկի: «Այս պահին ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի վերարտադրման գործընթացներ: Գործող, գոյություն ունեցող Հայաստանի պետական սահմանի վերարտադրման գործընթաց: Այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել»,- ընդգծել է նա:

Նշվել է, որ 1993 թվականի սեպտեմբերի դրությամբ սահմանը հիմք ընդունելով՝ Հայաստանը կհրաժարվի իր պետական սահմանից եւ կվերադառնա ռազմական գործողությունների տրամաբանության:

«Սա բացարձակապես անընդունելի է եւ պարունակում է Հայաստանի Հանրապետության համար իրավական, քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ռիսկեր: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը ստորագրել են Ալմա-Աթայի հռչակագիրը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին՝ այդպիսով միանալով նորաստեղծ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությանը»,- ասել է Մարիա Կարապետյանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ այն վտանգներ եւ ռիսկեր է պարունակում Հայաստանի Հանրապետության պետականության համար:

Քվեարկության արդյունքում նախագիծը նստաշրջանի օրակարգում չի ընդգրկվել: Կողմ էր քվեարկել 27, դեմ՝ 51 պատգամավոր:

Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը, որից հետո սկսել օրենքների նախագծերի քննարկումը:


17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...