Տպել
30.04.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Խորհրդարանն ապրիլի 30-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է Երեւանում գործող շրջիկ առեւտրին վերաբերող իրավակարգավորումները կիրառելի դարձնել նաեւ մյուս համայնքներում:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնության վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն ստացվել:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն է տրվում հանրային հեռարձակողին ունենալ եւս մեկ հանրապետական սփռմամբ կապուղի:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Առաջին ընթերցումից հետո կատարվել է մեկ լրացում, ըստ որի` Հանրային հեռուստաընկերության վրա դրված պարտավորություններն ընդհանուր կտարածվեն երկու կապուղիներով հեռուստաընկերությունների վրա:

««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

Կառավարության հեղինակած նախաձեռնության նպատակն է վերացնել անկախ պետական մարմինների նախագահների եւ անդամների վարձատրության գործակիցների միջեւ առկա անհամապատասխանությունները:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխության չի ենթարկվել:

Փոփոխություններ կատարելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում` Կառավարությունն առաջարկում է սկսնակ ընկերությունների համար ներդրումներ ներգրավելու տեսանկյունից սահմանել նոր պայմանագրային ձեւ:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանի խոսքով առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել:

Քննարկվել է նաեւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության առաջարկով փաթեթում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

«Նախաձեռնության` առաջին ընթերցմամբ քննարկվելու ընթացքում որոշվել էր Վարչական, Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարաններում 45-օրյա ժամկետ  նախատեսել վերաքննության կարգով բողոքարկման համար: Այս ժամկետը դատական համակարգի տարբեր մասնագետների կողմից վիճարկվել է այն առումով, որ հնարավոր է գործը լուծող եւ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունն այդ կարճ ժամկետում հնարավոր չլինի իրականացնել»,- ընդգծել է փոխնախարարը եւ տեղեկացրել, որ վերոնշյալ ժամկետը փոխարինվել է երկամսյայով:

Նշվել է, որ ընդունվել են պատգամավոր Տրդատ Սարգսյանի ներկայացրած բովանդակային առաջարկները:

Ներկայացնելով «Պետական տուրքի մասին» եւ «Ավիացիայի մասին» օրենքներում լրացումները` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկում է ծառայությունների 13 խմբերի համար սահմանել պետական տուրք:

Հիմնական փոփոխությունները` այստեղ:

Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում փաթեթում իրականացվել են տեխնիկական փոփոխություններ: Նշվել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից: