Տպել
03.05.2024
Խորհրդարանը շարունակել է քննարկել ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
1 / 16

Ազգային ժողովը մայիսի 3-ի նիստում շարունակել է 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկումը:

Մտքերի փոխանակության ընթացքում մեծամասնություն կազմող, ինչպես նաեւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են փաստաթղթերում բարձրացված խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանցում առկա են իրականությունն արտացոլող գնահատականներ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դրական են գնահատել հաշվետու ժամանակահատվածում ՄԻՊ աշխատանքը, իսկ ընդդիմադիր խմբակցությունների անդամները՝ բացասական:

Ընդդիմադիր պատգամավորները խոսել են Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների, մարդու իրավունքների խախտումների մասին, հորդորել ՄԻ պաշտպանին այս օրերին ներկա գտնվել այնտեղ եւ աշխատել այդ բնակավայրի բնակչության հետ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներում հնչած որոշ տեսակետներին, որոնք վերաբերում էին Կիրանցի դեպքերին: Նա նշել է, որ քաղաքացիների մի հատվածը փակել էր ճանապարհը, մյուսն էլ ցանկացել անցնել այդ ճանապարհով: Ընդգծելով, որ միջպետական ճանապարհը փակելը հարց լուծելու ձեւ չէ՝ նա փաստել է, որ մեկի իրավունքն այդ ճանապարհով անցնելն է, մյուսն էլ իր բողոքի ակցիան է իրականացրել: Ճանապարհը փակած քաղաքացիները հարձակվել են մեքենայի վրա, կոտրել այն: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը խոսել է պետության դերի մասին: «Պետության դերը ո՞րն է, որ գալիս եք մեղադրում եք, որ մեքենան գալիս է, կոտրում են. իրավապահները քայլեր են ձեռնարկում: Իսկ ի՞նչ պետք է անեն: Պետք է թողնեն, որ երկու քաղաքացներ հաշվեհարդա՞ր տեսնեն միմյանց նկատմամբ: Ամեն ինչ պետք է օրենքին համապատասխան կասեցնեն, ինչը հրաշալի արվել է: Անթույլատրելի է, որ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրագործելիս մեկը մյուսի մեքենաները կոտրեն»,- ընդգծել է Հակոբ Արշակյանն ու անթույլատրելի համարել նման պահվածքն արդարացնող որեւէ խոսույթ: «Չի կարելի մեքենաներ կոտրել, չի կարելի մարդկանց ահաբեկել, չի կարելի ստեր խոսելով ծայրահեղություններն արդարացնել»,- նշել է ԱԺ փոխխոսնակն ու կոչ արել հրաժարվել նման գործելաոճից:

Դիմելով սահմանամերձ համայնքներում բնակվող հայրենակիցներին՝ Հակոբ Արշակյանը վերջիններիս խնդրել է փոխվստահությամբ անցնել այս ճանապարհն ու հավաստիացրել. «Մենք ոչինչ ձեր մեջքի հետեւում չենք անելու, չենք անում: ՀՀ սուվերեն տարածքից որեւէ մետր, միլիմետր, սանտիմետր չի զիջվելու: Դա հնարավոր էլ չէ մեր օրենսդրությամբ, եւ մենք պետք է այս ճանապարհն անցնենք»:

Նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը եւ ելույթ ունեցող պատգամավորները շնորհավորել են լրագրողական հանրույթի ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: Ռուբեն Ռուբինյանի տեղեկացմամբ այսօր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը խոսքի ազատության բնագավառում վեց կետով բարելավել է դիրքերը՝ 180 երկրների շարքում նախորդ տարվա 49-րդ հորիզոնականի փոխարեն այս տարի զբաղեցնելով 43-րդը:

Քննարկվող հարցի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նա անդրադարձել է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին՝ ընդգծելով, որ այն չի իրականացվում համապատասխան միջազգային նորմերի համաձայն: «Խորհրդային Միության ժամանակ ձեւավորված սահմաններն իրատեսական չեն եւ չեն համապատասխանում աշխարհագրական բնական արգելքներին»,- նման կարծիք է հայտնել խմբակցության ղեկավարը եւ հավելել. «Եթե աշխարհագրական բնական արգելքների վրա հենվելով չիրականացնեք սահմանագծումը, ապա հետագայում դա հիմք է հանդիսանալու հակառակորդի կողմից լարումների եւ ագրեսիաների»:

Ներկայացնելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը՝ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կոչ է արել գործընկերներին ՄԻ պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ դրսեւորել հանդուրժողականություն եւ գնահատականներ տալ ոչ թե մարդկանց, այլ երեւույթներին: Անդրադառնալով Սեյրան Օհանյանի հնչեցրած այն ձեւակերպմանը, թե սովետական սահմաններն իրատեսական չեն՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է. «Տպավորություն է ստեղծվում, թե դուք ժխտում եք այն սահմանները, որոնք սահմանված են Ալմա-Աթայի հռչակագրով: Սա շատ վտանգավոր մեսիջ է»: Պատգամավորի խոսքով միջազգային իրավունքում սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հստակ կանոնակարգված կանոններ գոյություն չունեն:

Անդրադառնալով Անահիտ Մանասյանի կատարած աշխատանքի վերաբերյալ հնչած շնորհակալական խոսքերին՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է՝ պաշտպանի աշխատանքի լավագույն գնահատականը կլինի այն, որ վերջինս շնորհակալություն չլսի մինչեւ պաշտոնավարման ավարտը: «Հավատացնում եմ՝ եթե ամբողջ պաշտոնավարման ընթացքում դուք չլսեք շնորհակալություն ո՛չ իշխանությունից եւ ո՛չ ընդդիմությունից, ձեզ պաշտոնավարման ավարտից հետո շնորհակալություն կհայտնեն բոլորը»,- ամփոփելով ելույթը՝ ասել է պատգամավորը:

Եզրափակիչ ելույթում Անահիտ Մանասյանն անդրադարձել է մի շարք ոլորտներում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ պատգամավորների բարձրաձայնած մտահոգություններին, տվել դրանց վերաբերյալ պարզաբանումներ:

«Ազգային ժողովի  կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՄԻՊ տարեկան հաղորդումն ու զեկույցն ընդունվել են ի գիտություն:


03.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերթինին, Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին,  Քաղաքականության եւ շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի հան...

03.05.2024
Խորհրդարանը քննարկել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
Դատական քննությամբ ավարտված գործերով վերականգնվել է 173 միլիոն 385 հազար դրամ (2022 թվականին` 469 միլիոն 543 հազար դրամ): 2023 թվականին նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը եւ համայնքին պատճառված 34 միլիարդ 325 միլիոն 746 հազար դրամի գույքային վնաս: Այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3 ...

03.05.2024
Վաղարշակ Հակոբյանը ղազախ պաշտոնյաներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը մայիսի 3-ին հանդիպել է Ղազախստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ղազախստանյան ինստիտուտի տնօրեն Երկին Տուկումովին: Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի անդամ Խաչատուր Սուքիասյ...

03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...