Տպել
15.05.2024
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
1 / 10

Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը մայիսի 15-ին այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ: Այն բնակեցված է ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով՝ եզդիներով:

Գյուղի բնակիչներն առանձնացրել են խմելու ջրի խնդիրը՝ նշելով, որ ջուրը մասամբ բերվում է Ապարան քաղաքից եւ չի բավարարում գյուղի խմելու ջրի պահանջը: Նշվել է, որ գյուղի մի մասն է գազաֆիկացված, եւ անհրաժեշտություն կա գազաֆիկացնելու մյուս հատվածը եւս: Լուծված չէ նաեւ աղբահանության հարցը:

Հանդիպման ընթացքում Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն իրականացնում է տարբեր սուբվենցիոն ծրագրեր: Նրա խոսքով մի շարք համայնքներ, որոնց բնակիչներն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են,  խոշորացվել են: Համայնքների փոքր բյուջեները հնարավորություն չեն տալիս իրականացնելու նման ծրագրեր, եւ Կառավարությունը տարեկան հավելյալ 50 մլն դրամ է հատկացնում  յուրաքանչյուր համայնքին: Դա եւս մեկ հնարավորություն է նման համայնքներում կատարելու ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքներ:

«Գործադիրը նման համայնքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերի մեջ իր բաժնեմասն ավելացնում է՝ հասցնելով 80 տոկոսի»,- նշել է Ռուստամ Բաքոյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը հնարավորություն է տալիս ժամանակին, սոցիալական պայմաններից ելնելով, Հայաստանը լքած, ազգությամբ եզդի քաղաքացիներին վերադառնալու հայրենիք: Նա նաեւ նշել է, որ համայնքներում ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար պետք է տրամադրված միջոցները տեղական ինքնակառավարման մարմինները ճիշտ օգտագործեն:

Հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրներն արձանագրվել են: Պատգամավորները պատրաստակամություն են հայտնել աջակցել վերոնշյալ խնդիրների լուծմանը:

 


15.05.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Տիրանայում մասնակցել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին
Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ...