Տպել
16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին:

Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի անդամ:

Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:

ՄՄ նախագահը եւ գլխավոր քարտուղարը համառոտ ներկայացրել են նախորդ համաժողովների արդյունքները, 6-րդ համաժողովի հիմնական ակնկալիքները եւ նպատակները:

Քննարկման առանցքում են եղել առաջիկա համաժողովի օրակարգը, մասնավորապես` համաշխարհային խաղաղության հաստատմանը, կայուն զարգացմանը եւ ժողովրդավարության առջեւ ծառացած ներկայիս մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր:

Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցիչների հետ խորհրդարանականները քննարկել են միջազգային բազմակողմ կազմակերպությունների հետ համագործակցությունն առկա մարտահրավերների հաղթահարման շուրջ:

Անդրադարձ է կատարվել աշխարհի արտակարգ կլիմայական իրավիճակին, նոր եւ պոտենցիալ վտանգավոր տեխնոլոգիաների ազդեցությանը, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության խախտումներին, գենդերային խտրականությանը, քաղաքական բեւեռացմանը եւ հանրության անվստահությանը քաղաքական ինստիտուտների նկատմամբ: