Տպել
17.05.2024
Գործադիրն առաջարկում է հստակեցնել պետական կառավարման համակարգում պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց աշխատանքը
1 / 4

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարելու վերաբերյալ հոդվածից փորձագետին առնչվող հատվածն առանձնացնել եւ իրավակարգավորումները տալ առանձին հոդվածով՝ առանց որեւէ բովանդակային փոփոխության: «Հանրային ծառայության մասին» ու «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխություններն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ու նշել, որ տարընկալումներ է առաջացնում այն հարցը, թե ինչու պետք է քաղաքացիական աշխատանք կատարողի ստաժը չհաշվառվի հանրային ծառայության ստաժ, իսկ փորձագետինը հաշվառվի: Առաջարկվում է քաղաքացիական աշխատանք կատարողների հետ կապված իրավակարգավորումները տեղափոխել տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հարաբերությունները կարգավորող հոդված: Տեխնիկական սպասարկում եւ քաղաքացիական աշխատանք կատարող անձանց անձնական գործերը կվարվեն էլեկտրոնային կարգով այնպես, ինչպես պետական պաշտոն եւ հանրային ծառայության այլ պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական գործերը:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կարգավորման առարկայում ավելացվում է, որ բացի վարձատրության սկզբունքների, կարգի, աշխատավարձի վճարումից, նաեւ պետական մարմիններին հատկացված աշխատավարձի եւ պարգեւատրման ֆոնդերի վերլուծության հետ կապված հարաբերությունների վրա է տարածվում: Մինչ այժմ օրենքը նախատեսում էր միայն բազային աշխատավարձի եւ գործակիցների փոփոխությամբ աշխատավարձի բարձրացման համար աշխատաշուկայի վերլուծություն, իսկ աշխատավարձի ֆոնդի կամ աշխատավարձին հավասարեցված այլ վճարների ընդհանուր վերլուծություն չկար:

Օրենքի գործողության ոլորտում երեք տարին մեկ կատարվող վերլուծությունների իրականացումն (բազային աշխատավարձը վերլուծելու եւ գործակիցների փոփոխության հնարավորությունները դիտարկելու համար) առաջարկվում է դարձնել մեկ տարի, որ Կառավարությունը հետադարձ կապով միջամտություններին կարողանա հետեւել՝ հասկանալու համար, թե ինչ ազդեցություն են ունենում վարձատրության քաղաքականության վրա: Փորձագետների եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության վերլուծությունը եւս դառնալու է այս օրենքի իրավակարգավորման առարկա:

27.1 նոր հոդված է ավելացվում օրենքում, որով աշխատավարձի եւ պարգեւատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու հնարավորություն է տրվում: Ըստ Վաչե Քալաշյանի՝ մինչ այս պահը բացի հիմնական աշխատավարձի վերաբերյալ տվյալներից թվայնացման տիրույթում մարմիններից տեղեկատվություն ստանալու որեւէ իրավական հիմք չկար, ինչը պետական կառավարման համակարգում գոյություն ունեցող աշխատավարձի եւ վարձատրության ֆոնդերի բաշխման վերաբերյալ ճշգրիտ վերլուծություն կատարելու հնարավորություն չէր տալիս:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված քաղաքացիական աշխատանքի առանձնացումը հանրային ծառայությունից: «Գուցե մենք ընդհանրապես պետք է հրաժարվենք քաղաքացիական աշխատանք իրականացնող եզրույթից, մի մասին տեղափոխենք տեխնիկական սպասարկման ոլորտ, մյուսին՝ հանրային ծառայության դաշտ»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Վաչե Քալաշյանի դիտարկմամբ կան որոշակի զբաղմունքներ, պաշտոններ, գործառույթներ, որոնք հատուկ չեն մասնագիտական, հանրային այլ ծառայություններին. դրանք անհրաժեշտ է առանձին դիտարկել քաղաքացիական կամ հանրային այլ ծառայություններից: «Համաձայն եմ, որ կան քաղաքացիական աշխատանքի որոշակի տեսակներ, որոնք ուղղակի կրկնում են մասնագիտական այլ ծառայություններում առկա եւ գործառույթներով ու բնույթով հատուկ աշխատանքներ: Դրանք անհրաժեշտ է մաքրել»,- նման կարծիք է հայտնել զեկուցողը:

Վլադիմիր Վարդանյանն արձագանքելով՝ նշել է, որ պետք է հստակեցնել կամ հրաժարվել քաղաքացիական աշխատանքի ինստիտուտից, որովհետեւ քաղաքացին պետական հիմնարկում կարող է աշխատել տասնամյակներ եւ առաջխաղացման հնարավորություն չունենալ,  որեւէ եղանակով չդիտարկվել հանրային ծառայության պաշտպանության ենթակա անձ:

Հարակից զեկույցում պատգամավոր Կարեն Սարուխանյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


06.08.2024
Կարեւորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Ռուստամ Բաքոյան
Հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք հետեւողականորեն խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ: Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը. ...

06.08.2024
Պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. Մարիամ Պողոսյան
Կարծում եմ պետական կառավարման արդյունավետությունը կախված է նաեւ քաղաքացիական հասարակության հետ ճիշտ համագործակցությունից. նշել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը հասարակական կազմակերպությունների նե...

06.08.2024
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը  2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

06.08.2024
Վլադիմիր Վարդանյանն ամփոփել է իր ղեկավարած հանձնաժողովի նախորդ նստաշրջանի աշխատանքները
ԱԺ 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է գերծանրաբեռնված: Գումարել է 19 նիստ, որից 8-ը՝ արտահերթ: Հանձնաժողովում քննարկվել եւ ամբողջությամբ ընդունվել է 91 օրենքի  նախագիծ: Ամփոփելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ հանձ...