Տպել
17.05.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
1 / 3

Առաջարկվող կարգավորումներն ուղղված են ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը: Մայիսի 17-ին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

«Ըստ էության՝ այս կարգավորումներով մենք ապահովում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով պահանջվող երկու հրահանգների (դիրեկտիվների) մոտարկումը մեր ներպետական ազգային օրենսդրության մեջ»,- նշել է հիմնական զեկուցողը՝ կարեւորելով ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացման պարտադիր պահանջի սահմանումը ճանապարհների կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման ժամանակ: Ճանապարհային անվտանգության աուդիտը նախատեսվում է  իրականացնել ճանապարհների նախագծման, շինարարության եւ ճանապարհը շահագործման հանձնելուց մեկ տարի հետո: Ընդ որում, ճանապարհային անվտանգության աուդիտորը չի կարող ներգրավված լինել ճանապարհային անվտանգության աուդիտի ենթակա ավտոմոբիլային ճանապարհի նախագծման, հեղինակային եւ տեխնիկական հսկողության, ինչպես նաեւ շինարարության իրականացման գործընթացներում: Ըստ Քրիստինե Ղալեչյանի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացված առաջարկությունները հիմնականում եղել են տեխնիկական եւ խմբագրական բնույթի, որոնք ընդունվել են:

Լրամշակված օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին:

Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Փոխնախարարը հայտնել է, որ նախագծի նպատակը շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համակարգի վերանայման միջոցով հարկ վճարողների հարկային կարգապահության խթանումն է:

Նախագծի ընդունմամբ կապահովվի շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների՝ շահաբաժին վճարող կազմակերպության հարկային կարգապահական չափորոշիչների բավարարման դեպքում փոխհատուցումը: