Մայիսի 13-15-ն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր վեհաժողովի 63-րդ լիագումար նիստը: Աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, պատվիրակության անդամներ Սերգեյ Բագրատյանը եւ Արսեն Թորոսյանը:
Քննարկումների առանցքում եղել է «Տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդումն ընդհանուր անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար» թեման:
Հարցի շրջանակում ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը: Նա անդրադարձել է տնտեսական կայունության եւ անվտանգության փոխկապվածությանը, տնտեսական համագործակցության նախագծերում տարածաշրջանի երկրների ներգրավվածության կարեւորությանը, ինչպես նաեւ ընդգծել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նշանակությունը: Բաբկեն Թունյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, անդրադարձել նաեւ հայ-ադրբեջանական բանակցություններին, սահմանազատման գործընթացին` հերթական անգամ շեշտելով տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու Հայաստանի հանձնառությունը:
Նիստի ընթացքում քննարկվել եւ ընդունվել են նաեւ հետեւյալ զեկույցները` «Ներդրումներ մարդկային կապիտալում` հանուն ՍԾՏՀ տարածաշրջանում նորարարության եւ բարգավաճման», «Խորհրդարանների դերն ատելության խոսքի դեմ պայքարում միջմշակութային երկխոսության եւ հանդուրժողականության խթանման գործում» եւ «ՍԾՏՀ անդամ երկրների միջեւ համագործակցությունն էներգիայի առեւտրի ոլորտում»:
Կազմակերպության նախագահությունը հանդիսավորությամբ փոխանցվել է Հայաստանին եւ որոշվել է հաջորդ` 64-րդ լիագումար նիստն անցկացնել Երեւանում` այս տարվա նոյեմբերին:
ԱԺ պատգամավորներն այցելել են Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղ
Խմելու ջրի բացակայությանը, գազաֆիկացմանը, գյուղական ճանապարհների վիճակին վերաբերող եւ այլ խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյան...