Տպել
20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
1 / 15

Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 20-ին, որին մասնակցել են հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Հակոբ Ասլանյանը եւ Նարեկ Բաբայանը, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

«Հայաստանն ապրում է իր ինքնիշխանության կարեւորագույն օրերից մեկը, եւ մենք հենց այս օրերին իրականացնում ենք մի գործընթաց, որն անկախությունից ի վեր աննախադեպ է: Լիահույս ենք, որ գործընթացը կհասցվի ավարտին, եւ խաղաղության դարաշրջանի սկիզբը կդրվի մեր տարածաշրջանում»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը: Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի գործընկերներին այս գործընթացում պարբերաբար աջակցելու եւ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը համակ ուշադրությամբ է հետեւում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ հույս է հայտնել, որ լարված իրավիճակը կհարթվի, եւ Վրաստանը կշարունակի իր ժողովրդավարական ուղին:

«Հայաստանն ու Վրաստանը դարավոր բարեկամներ են եւ համագործակցում են բազմաթիվ ուղղություններով: 2022 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի ու Վրաստանի խորհրդարանների երկու հանձնաժողովների միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր, եւ համագործակցությունը շատ արդյունավետ է ընթանում»,- ասել է Էլիսո Բոլքվաձեն: Նա ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների` մայիսի 10-ին տեղի ունեցած հանդիպումը Ղազախստանում եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի խաղաղ համակեցությունը: Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին` հանձնաժողովի նախագահը նշել է, որ Վրաստանը դեռեւս շարունակում է պայքարն իր ինքնիշխանության համար եւ ամեն ինչ կանի իր անկախությունը պահպանելու ուղղությամբ: Նա կարեւորել է խաղաղության հաստատումը երկրում եւ տարածաշրջանում:

Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն փաստել է, որ հայ-վրացական հարաբերությունները պատմական նոր դարաշրջան են ապրում, մի շարք ոլորտներում զարգանում է փոխգործակցությունը:

Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ հաստատված պատմական եւ եղբայրական հենք ունեցող հարաբերությունները, ընդգծել խաղաղության արժեքը, ինչպես նաեւ քննարկել հուշագրի շրջանակում իրականացված եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: