Տպել
20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
1 / 9

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել  է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացումը, որն ընդգրկում է փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտներ եւ շեշտել է, որ երկու երկրների հարաբերություններում զարգացման մեծ ներուժ կա:

Բրենդոն Յոդերը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու եւ ամրապնդվելու են:

Հանդիպման ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրավապահ համակարգում եւ դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին այդ բարեփոխումների ճանապարհին շարունակական աջակցության համար:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտնագությանը վերաբերող հարցեր: