Տպել
21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
1 / 11

Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը:

Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղեկցող անձնակազմի հիշատակը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Նախագծերի փաթեթն ուղղված է շտկելու օրենսդրական անհստակությունները, ամրագրելու համայնքի ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը: Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը եւ հստակեցրել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ 2022 թվականի հունիսի 9-ին իրականացված օրենսդրական փոփոխություններով մի դեպքում նախատեսված է հանրային պաշտոն եւ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու արգելքը, իսկ մյուս դեպքում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում այդպիսի կարգավորում նախատեսված չէ:

Այս տարընկալման հետեւանքով ավագանու մի շարք անդամներ համատեղում են իրենց պաշտոնը հանրային եւ հանրային ծառայության պաշտոնների հետ: Առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ավագանու առաջիկա ընտրության ժամանակ կգործի բացարձակ արգելք համայնքի ավագանու անդամների եւ հանրային ու հանրային ծառայության պաշտոնների անհամատեղելիության մասով: Արդյունքում՝ ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի եւ ծառայության հետ:

Անցումային դրույթներով այն անձինք, որոնք մինչ այս օրենքն ուժի մեջ մտնելը հանրային պաշտոնը կամ հանրային ծառայության պաշտոնը համատեղել են համայնքի ավագանու պաշտոնի հետ, կկարողանան շարունակել համատեղել պաշտոնավարումը մինչեւ տվյալ նորընտիր ավագանու առաջին նիստի գումարման օրը:

Ըստ փոխնախարարի՝ անհամատեղելիության պահանջների սահմանման նպատակի առանցքում պաշտոնների մեկտեղման պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առաջացումը կանխելն է, իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սկզբունքի ապահովումը:

Անդրադառնալով օրենսդրական փաթեթի ընդունման հրատապությանը՝ զեկուցողը դա պայմանավորել է այն հանգամանքով, որ ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հարուցած վարույթների ժամկետը 90 օր է, լրանում է մայիսի 29-ին:

Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել այն հարցին, թե ավագանու անդամի աշխատանքը մասնավորում արդյոք կոռուպցիոն ռիսկերի ու շահերի բախման տեսանկյունից ավելի խնդրահարույց չէ:

Կարեն Կարապետյանը հստակեցրել է, որ օրենսդրական փաթեթով նոր կարգավորում չի առաջարկվում, այդ արգելքը սահմանված է եղել դեռեւս 2018 թվականից: Նա նշել է, որ բիզնես հատվածի մասնակցությունն ավագանու գործունեությանը նույնպես օրենսդրորեն սահմանված է, շահերի բախման ռիսկերի նվազեցման եւ վերացման կառուցակարգերը եւս առկա են: Գործարար շահեր ներկայացնող ավագանու անդամն անցնում է անհամատեղելիության եւ բարեվարքության ստուգման հատուկ գործընթացներ, ներկայացնում բարեվարքության լրացուցիչ փաստաթղթեր, ձեռնպահ է մնում իր շահերին վերաբերելի քննարկումներին եւ քվեարկություններին մասնակցելուց:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալխաս Ղազարյանը: