Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի Հանրապետության դեսպան Նիկոլաե Իորդակեին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը գոհունակություն հայտնեց պարոն Իորդակեի հետ համագործակցությունից, որը եղել է ի շահ երկու երկրների միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների խորացման, նաեւ` ափսոսանք, որ ավարտվում է նրա դեսպանական առաքելությունը Հայաստանում, որի ընթացքում նա մեծապես նպաստել է այդ հարաբերությունների զարգացմանը:
Հայաստանում Ռումինիայի Հանրապետության դեսպան Նիկոլաե Իորդակեն, որ երեք տարի աշխատել է Հայաստանում, նշեց, որ դժվարությամբ է հեռանում Հայաստանից ու հայերից, որովհետեւ այս տարիներին հասցրել է ճանաչել ու սիրել մեր երկիրը: Պարոն Իորդակեն նաեւ նշեց, որ Հայաստանն իրավամբ պատկանում է Եվրոպական մեծ ընտանիքին եւ Ռումինիայի` իբրեւ Կենտրոնական Եվրոպայի երկրի, փորձն ու սխալները Հայաստանի համար կարող են օգտակար լինել եվրաինտեգրման գործընթացներում: Դեսպանը նշեց, որ Հարավկովկասյան տարածաշրջանը առաջնահերթ նշանակություն ունի իր երկրի համար: Դրա վկայությունն էր նաեւ Ռումինիայի նախագահի այցը, որը հնարավորություն տվեց տեղում անմիջականորեն ծանոթանալ խնդիրներին եւ որոշարկել համագործակցության ուղիները:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատումը, որը առավել արդյունավետ կդարձնի նաեւ եվրաինտեգրումը: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ ԵԽԽՎ լիագումար նիստում ռումինացի պատգամավոր Ադրիան Սեւերինի ներկայացրած զեկույցին Հարավային Կովկասի կայունության պակտի նախագծի մասին` կարեւորելով այն տարածաշրջանում փոխհարաբերությունների հստակեցման ու համագործակցության առումով, որի արդյունքում դյուրին կդառնա նաեւ հակամարտությունների հաղթահարումը, նույնիսկ տարբեր դիրքորոշումների առկայությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի: