Տպել
21.05.2024
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
1 / 3

Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը:

Նա տեղեկացրել է, որ ստանդարտին միանալու պարագայում կազմակերպությունները կարող են ներդնել կանոնագրքով սահմանված որոշակի կառուցակարգեր, որոնք կօգնեն կազմակերպություններին լինել ավելի հաշվետու, թափանցիկ եւ զսպել որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Հիմնական զեկուցողը կարեւորել է կանոնագրքի ընդունումն ու լայնածավալ կիրառումը՝ նշելով, որ դրա համար կան նաեւ աջակցության մի քանի մեխանիզմներ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մայիսի 21-ի նիստում:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ողջունելով Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը կազմակերպությունների կողմից, նշել է, որ կորպորատիվ կառավարման մշակույթը պետք է հիմնավորվի եւ լայն տարածում ստանա ձեռնարկատիրության ոլորտում: Նրա կարծիքով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները պարտադիր պետք է ունենան կորպորատիվ կառավարման կանոնագիրք: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ պատրաստվում է նման նախաձեռնությամբ հանդես գալ եւ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար այն դարձնել պարտադիր պայման:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք, որը լինելու է ոչ պարտադիր: Նմանատիպ կանոնագրքերն օգնելու են միջազգային հարաբերություններում կորպորատիվ կառավարման համակարգ ունեցող կազմակերպությունների վստահելիության բարձրացմանը, իրավական հարցերի պաշտպանությանը, թափանցիկությանը եւ կառավարման արդյունավետությանը: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին: