Տպել
21.05.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
1 / 3

Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ:

«Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Նախաձեռնությամբ ամրագրվում է, որ հավատարմագրային կառավարիչ կարող են լինել անհատ ձեռնարկատերերը կամ առեւտրային կազմակերպությունները:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն ներկայացվել:

Պատգամավորները քննարկել են նաեւ Արուսյակ Մանավազյանի, Նարեկ Գրիգորյանի եւ Էդգար Հակոբյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենսդրական նախագծերի փաթեթը:

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության ու արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ներկայացվող տեղեկատվության որակը, հստակեցնել Հաշվեքննիչ պալատի իրավական կարգավիճակը, գործունեության նպատակները եւ երաշխիքները, բարելավել պալատի գործունեության կազմակերպումը, ընդլայնել ու որոշակիացնել կառույցի մանդատը:

Արուսյակ Մանավազյանի խոսքով առաջին ընթերցումից հետո ներկայացվել է 4 առաջարկ: Նախատեսվում է հնարավորություն տալ մասնավոր հատվածին ՀՀ-ում գործող միջազգային խմբի անդամ հանդիսացող եւ միջազգային ճանաչում ունեցող աուդիտորներին ներգրավվել հաշվեքննությանը: Հաջորդ փոփոխությամբ սահմանվում է, որ իրավաբանական անձանց ստուգման` Հաշվեքննիչ պալատի գործառույթը չի տարածվելու ՀՀ օրենքով անորոշ թվով հասցեատերերի համար սահմանված հարկային արտոնությունների վրա:

Սահմանվում է նաեւ, որ Հաշվեքննիչ պալատը յուրաքանչյուր տարի պետք է կազմի եւ Կառավարությանը ներկայացնի առաջիկա տարվա իր բյուջետային ֆինանսավորման հայտը, նախահաշվի նախագիծը` «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով: