Տպել
21.05.2024
Խորհրդարանը քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
1 / 4

ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:

Մայիսի 21-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը հակիրճ ներկայացրել է թեկնածու Դավիթ Խաչատուրյանի  կենսագրությունն   ու աշխատանքային գործունեությունը:

Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Խաչատուրյանը 2016 թվականից մինչեւ 2021 թվականի հունվար ամիսը եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ: 2021 թվականի հունվարի 22-ին ՀՀ ԱԺ կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ եւ ՀՀ նախագահի 2023 թվականի հոկտեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Դավիթ Խաչատուրյանը զբաղվում է նաեւ գիտամանկավարժական գործունեությամբ:

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը ելույթում անդրադարձել է այն ելակետային սկզբունքներին, որոնք կանխորոշում են ՍԴ առաքելությունը եւ որոշումների կայացման մեթոդը: Նա ընդգծել է, որ դատական իշխանության ինստիտուցիոնալ եւ դատավորների անհատական անկախությունը կարող է գոյություն ունենալ եւ հնարավոր է բացառապես ժողովրդավարության պայմաններում: Նա խոսել է իշխանության ձեւավորման գործում ՍԴ-ի ունեցած դերակատարության, ՍԴ սահմանադրական վերահսկողության, ժողովրդավարական եւ իրավական լեգիտիմության սկզբունքների մասին` ներկայացնելով իր տեսլականը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` թեկնածուն անդրադարձել է գերագույն դատարանի համակարգ անցում կատարելու հնարավորությանը, գործող ՍԴ ծանրաբեռնվածությանը:

Ելույթներում պատգամավորները խոսել են Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով մանիպուլացվող ինֆորմացիային, նշել է` հասարակության մի հատվածի նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ միավոր, գոյություն չունենա: Խորհրդարանի ղեկավարը պատահական չի համարում նաեւ, որ եկեղեցին ներքաշվում է այդ գործընթացներում: «Եվս մեկ անգամ փորձ արվեց մարդկանց հույզերի վրա խաղալով` շարժում գեներացնել: Փորձը չհաջողվեց եւ հիմա իրավիճակից դուրս գալու ելքի ստրատեգիա է ընտրվում»,- ասել է Ազգային ժողովի նախագահը: Նրա կարծիքով ժամանակն է քննարկել, թե Հայաստանում գործող հարկային պարտավորություններն ինչու չեն կիրառվում եկեղեցու հանդեպ: Ամփոփելով` Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ իրականությունը միակն է. Հայաստանի Հանրապետության իշխանությունն անում է ամեն ինչ, որ Հայաստանն ունենա հստակ սահման:

Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 22-ի` ԱԺ հերթական նիստում: