Տպել
21.05.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է NDI-ի երիտասարդների հետ
1 / 4

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մայիսի 21-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագրի մասնակիցների հետ:

Ռուստամ Բաքոյանը հյուրերին ներկայացրել է հանձնաժողովի գործունեության տիրույթում գտնվող ոլորտները, հանձնաժողովի գործառույթները եւ նշել, որ օրենսդիր մարմինն ունի նաեւ վերահսկողական գործառույթ:

ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի եւ հանձնաժողովի համագործակցության մասին հարցին ի պատասխան` Ռուստամ Բաքոյանը նշել է, որ հանձնաժողովն անմիջական կապի մեջ է գրասենյակի հետ եւ երկուստեք փորձում են հասկանալ ծագած  խնդիրներն ու  գտնել դրանց համար լուծումներ:

Խոսելով ՄԻՊ գրասենյակի իրականացվող աշխատանքի մասին` պատգամավորն ընդգծել է, որ այն աշխատում է անկախ եւ անկաշկանդ, ինչն արձանագրում են նաեւ միջազգային փորձագետներն ու կառույցները:

Երիտասարդները հետաքրքրվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատմանը եւ սահմանագծմանը վերաբերող խնդիրներով, տարբեր գերատեսչություններում ազգային փոքրամասնության ներկայացուցիչների ներգրավվածության, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների խոշորացման դրական եւ բացասական կողմերով:

Անդրադարձ է կատարվել մեդիագրագիտությանը, մասնավորապես` խոսքի ազատությանը, խոսքի ատելության դեմ պայքարին: