Տպել
21.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալվել են «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները
1 / 9

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը մայիսի 21-ին հանդիպել են Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ներկայացուցիչ, «SEI» ծրագրի ավագ ղեկավար եւ Բնապահպանական ռազմավարության ու քաղաքականության թիմի ղեկավար Բեռնարդաս Պադեգիմասի, «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի ազգային գնահատման ղեկավար Իվանա Միյատովիչի, ծրագրի ազգային համակարգող Կարինե Թասլակյանի եւ ավագ խորհրդական Վարդան Մելիքյանի հետ:

Կողմերը քննարկել են նախորդ տարի մեկնարկած «Կանաչ օրակարգ Հայաստան» ընթացիկ ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:

Շվեդիայի աջակցությամբ Հայաստանի կառավարության եւ Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի կողմից համատեղ իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին կլիմայական չեզոքության նպատակներին հասնելու գործում, ինչպես նաեւ ազգային քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Եվրոպական կանաչ գործարքի դրույթներին:

Կարեւորելով ծրագրի արդյունավետ իրականացումը` հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել իրենց իրավասությունների շրջանակում ներգրավվել գործընթացին, անհրաժեշտության դեպքում նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ: