Տպել
22.05.2024
Առաջարկվում է հստակեցնել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում առկա անհստակությունները
1 / 2

Նախագիծը վերաբերում է թրեյդ-ին առեւտրի տեսակին: Դեռեւս 2021 թվականին լրացումներ են կատարվել  «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, որոնցով ներմուծվել է «թրեյդ-ին» հասկացությունը: Ներդրվել է նաեւ լիցենզավորման կարգ, որի շրջանակում  այս ընթացքում լիցենզավորվել են  որոշակի կազմակերպություններ, սակայն մենք նկատել ենք, որ այս ընթացքում գործարքների զգալի աճ տեղի չի ունեցել: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը՝ Ազգային ժողովի մայիսի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն վերաբերում է ավտոտրանսպորտային միջոցի, այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի, ձեռքբերման թրեյդ-ին առեւտրի տեսակի գործունեության ընթացքում առկա խնդիրները վերացնելուն:

Փոխնախարարը հայտնել է, որ խնդիրների հետ կապված  առաջարկվում է օրենքում կատարել փոփոխություն՝ միտված  առկա անհստակությունների վերացմանը:

Բացի այդ, առաջարկվում է նաեւ որոշակիորեն ընդարձակել թրեյդ-ին առեւտրի  շրջանակը եւ թույլ տալ նաեւ ֆիզիկական անձանցից ձեռք բերվող մեքենաները վերցնել փոխհատուցմամբ եւ վաճառել այլ անձանց: «Այդ գործարքները նույնպես ամբողջությամբ ազատված կլինեն ավելացված արժեքի հարկից՝ բացառություն կազմելով այն մասը, որն ավելացված կլինի այդ երկու գործարքների արանքում»,- ասել է զեկուցողը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Ղահրամանյանը: