Տպել
22.05.2024
Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող լրացումներին եւ փոփոխություններին
1 / 9

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ օրենքի նախագծով սահմանվում է քաղաքացիների պատշաճ ծանուցման կարգը: Նա տեղեկացրել է, որ սահմանվում է քաղաքացուն ծանուցելու 4 տարբեր եղանակ: Առաջինը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստն է, երկրորդ տարբերակը քաղաքացուն առձեռն հանձնելու միջոցով տարբերակն է, երրորդ տարբերակը փոստային առաքումն է:  Եթե առաջին երեք տարբերակներով պետությունը չի կարողանում քաղաքացուն ծանուցել, չորրորդ տարբերակով Ազդարար համակարգում տեղադրում է ծանուցման քաղվածք, որը տեղադրելուց հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված:

Փոխնախարարը հորդորել է քաղաքացիներին՝ հետագայում խնդիրներից խուսափելու նպատակով, հաշվառվել իրենց փաստացի բնակվելու վայրում, քանի որ փոստային ծանուցումն իրականացվելու է քաղաքացու հաշվառված հասցեով:

Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն եղել:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական փոփոխություններին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: