Տպել
22.05.2024
Առաջարկվում է լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում` ապահովելու քննության համակողմանիությունը
1 / 4

Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին լիազորել նախաքննության մեկ մարմնի` քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը նախաքննության մեկ այլ մարմնի հանձնարարել ոչ միայն իրականացվող նախաքննության անաչառությունն ապահովելու, այլ նաեւ քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է 2021 թվականի հունիսի 30-ի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը լրացնել նոր մասով: Ըստ այդմ` բացառիկ դեպքերում, քրեական վարույթի պատշաճ եւ համակողմանի քննությունն ապահովելու նպատակով, գլխավոր դատախազն իրավասու է նաեւ իր որոշմամբ փոխել քրեական վարույթի` սույն օրենսգրքով նախատեսված քննչական ենթակայության կանոնները, եթե քրեական վարույթը փաստական հանգամանքներով կապված է նախաքննության մեկ այլ մարմնի վարույթում քննվող քրեական վարույթի հետ, կամ քրեական վարույթը նախաձեռնվել է նախաքննական մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող նախաքննության ընթացքում հայտնաբերված ենթադրյալ` այլ քննչական մարմնին ենթակա հանցագործության հատկանիշներով, սակայն փաստական հանգամանքներով կապված է վարույթը նախաձեռնած քննիչին ենթակա վարույթի հետ կամ նույն հիմքով միացվել է այդ վարույթին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եզրակացությունները նախագծի վերաբերյալ դրական էին:

Հարցը քննարկվել է մայիսի 22-ի ԱԺ նիստում: