Տպել
22.05.2024
Հարկային հաշվարկներում ոչ հավաստի, սխալ տեղեկատվություն ներառելու համար առաջարկվել է սահմանել վարչական պատասխանատվություն
1 / 2

Օրենսգրքով՝ հարկային հաշվարկները չներկայացնելու համար մենք ունենք սահմանված պատասխանատվության միջոցներ, սակայն չունենք պատասխանատվության միջոց այն դեպքերի համար, երբ հարկային հաշվարկներում պարունակվող տեղեկությունները լրացվում են ոչ ճիշտ եւ ոչ հավաստի. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նա տեղեկացրել է, որ խոսքը վերաբերում է այն տեղեկություններին, որոնք այդ հարկային հաշվարկի մասով հարկի հաշվարկմանը չեն առնչվում, սակայն շատ կարեւոր են, ինչպես նաեւ առնչվում են հետագայում այդ հարկատեսակի գծով հարկերի հաշվարկմանը եւ հարկային մարմնի կողմից իրականացված ուսումնասիրություններին ու վերլուծություններին: Արթուր Մանուկյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն հարկային հաշվարկներում ոչ հավաստի, սխալ տեղեկատվություն ներառելու համար:

Հաշվի առնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» մի շարք հոդվածներ ուժը կորցրած լինելու հանգամանքը, ինչպես նաեւ մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտման գործերով քննություն իրականացնելու անհրաժեշտության բացակայությունը՝ առաջարկվում է հստակեցնել նաեւ մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա գործերի շրջանակը:

Մասնավորապես, առաջարկվում է առաջին անգամ հարկային հաշվարկներում պարունակվող տեղեկությունները ոչ ճիշտ եւ ոչ հավաստի լինելու դեպքում սահմանել նախազգուշացում: Հետագայում, նախազգուշացման նշանակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, նախատեսված խախտումը չվերացնելու դեպքում առաջարկվում է սահմանել տուգանք նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Եվս մեկ ամսվա ընթացքում նախատեսված խախտումը  չվերացնելու դեպքում կսահմանվի տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Վարչական պատասխանատվության չեն ենթարկվի այն դեպքերում, երբ հարկ վճարողն ինքնուրույն կներկայացնի ճշտված հաշվարկները:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

Հարցը քննարկվել է մայիսի 22-ի՝ ՀՀ Ազգային ժողովի նիստում: