Տպել
22.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Սլովենիայի նորանշանակ դեսպան Մատեյա Պրեւոլշեկին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 22-ին ընդունել է մեր երկրում Սլովենիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մատեյա Պրեւոլշեկին:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն իր առաքելության ընթացքում:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտության մասին՝ հանձնաժողովի նախագահն առաջարկել է զարգացնել նաեւ համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցությունը: Սարգիս Խանդանյանն արժեւորել է Սլովենիայի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:

Կողմերը համաձայնել են, որ մի շարք ոլորտներում՝ տնտեսական, զբոսաշրջության կա չիրացված ներուժ:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, վերջին զարգացումներին, ներկայացրել ՀՀ կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը դրական է գնահատել երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը: Մատեյա Պրեւոլշեկը նշել է, որ Սլովենիան հետեւում է Հայաստանում ընթացող գործընթացներին եւ աջակցում տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերին: