Տպել
16.10.2006
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի 150-ամյակի առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի կոլեկտիվին, որտեղ ասվում է.

«Շնորհավորում եմ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի  անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի ողջ կոլեկտիվին` թատրոնի հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ: Մեկուկես դարն ակնածանք ներշնչող ժամանակամիջոց է` Արտավազդ արքայի ժամանակներից թատրոնի դերն ու նշանակությունը գնահատող հայ ժողովրդի համար, այդ ընթացքում իր տաղանդն ու մշակույթը հասարակության դատին ներկայացնելու ու գնահատվելու առումով:

150 տարում հայ թատերարվեստի պատմության մեջ իրենց անունները ընդմիշտ գրած դերասաններ ու բեմադրիչներ են հանդես եկել ձեր թատրոնի բեմում` ներկայացնելով համաշխարհային ու հայ դրամատուրգների լավագույն գործերը, կրթելով ումշակույթի ստեղծարար դաշտում պահելով հանդիսատեսին:

Վերստին շնորհավորելով ձեզ թատրոնի 150-ամյա հոբելյանի առիթով` մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ, թող Պետրոս Ադամյանի անվան թատրոնի վարագույրը միշտ բարձրանա եւ բեմի ու հանդիսատեսի ներդաշնակությունը արժեւորվի դերասանի համար կենսական նշանակություն ունեցող ծափողջույններով»: