Տպել
03.06.2024
ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին
1 / 8

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն եւ բարելավել ենթակառուցվածքները, խթանել տարածաշրջանային զարգացումն Ասիայի եւ Օվկիանիայի տարածաշրջանում. նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով ««Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարը նշել է, որ 2017 թվականից Կառավարությունը քննարկել է բանկին 5 բաժնեմասով միանալու հարցը, որը բանկի կողմից մերժվել է: Ներկայում կա ԵՆԱԲ-ին 374 բաժնեմասով միանալու եւ անդամ դառնալու մասին Կառավարության որոշումը:

Փոխնախարարը կարծիք է հայտնել, որ ռիսկերի եւ վարկային միջոցների դիվերսիֆիկացման տեսանկյունից նախագիծն արդարացված է: Հայաստանը միանալու է 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ ԱՄՆ դոլար է, որի 20 տոկոսի վճարվում է, իսկ մնացածը՝ ցպահանջ: ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին:

Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը հանձնաժողովում քննարկվել է նաեւ աշխատանքային կարգով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացվել են հիմնականում տեխնիկական բնույթի առաջարկություններ: Կառավարությունը ներկայացրել է առաջարկություն՝ ըստ որի պետական բյուջետային ծրագրերի գնահատումը կիրականացնի Կառավարության անունից լիազոր մարմինը՝ Կառավարության սահմանած կարգով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծին:

Հարցերը քննարկվել են հանձնաժողովի՝ հունիսի 3-ի նիստում: