Տպել
03.06.2024
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
1 / 1

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2023 թվականի բյուջեի կատարողականը:

Հաշվետու տարում Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,067,172,500 դրամ: Աշխատակազմի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են միջհոդվածային վերաբաշխումներ:

2023 թվականին Կառավարության մի շարք որոշումներով ԱԺ-ին հատկացվել է 163,800,000 դրամ՝ չնախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար: Խորհրդարանը հաշվետու տարում հատկացումների հաշվին Կառավարության պահուստային ֆոնդ է վերաբաշխել շուրջ 29,000,000 դրամ՝ Կառավարության կողմից առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար:

Ազգային ժողովի ճշտված բյուջեն 8 միջոցառումների գծով կազմել է 7,205,057,300 դրամ, դրամարկղային ծախսը` 6,944,533,100 դրամ: Արդյունքում` բյուջեն կատարվել է 96,4 տոկոսով եւ  ճշտված բյուջեի ու դրամարկղային ծախսի միջեւ շեղումը կազմել է 260,524,200 դրամ, որը եւս փոխանցվել է պետական բյուջե:

2022 թվականի համեմատ 2023 թվականի դրամարկղային ծախսն ավելացել է 911,671,400 դրամով (15 տոկոս)՝ պայմանավորված 2023 թվականին պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի փոփոխմամբ, ինչպես նաեւ ԱԺ շենքային պայմանների բարելավում միջոցառման շրջանակում իրականացված ծախսերով:

Դավիթ Առաքելյանը մանրամասնել է օրենսդիր մարմնի կողմից իրականացված միջոցառումները:

«ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 6,239,917,000 դրամ, դրամարկղային ծախսը՝ 6,050,863,400 դրամ, բյուջեն կատարվել է 97 տոկոսով: Ծախսերի կրճատման եւ արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով տնտեսվել է 189 մլն դրամ:

Նախորդող տարվա համեմատ 2023 թվականի դրամարկղային ծախսն ավելացել է 795,089,600 դրամով, որը պայմանավորված է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափով, ինչպես նաեւ ներկայացուցչական ծախսերի, մասնավորապես՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի անցկացմամբ:

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման գծով ճշտված բյուջեն կազմել է 1,292,900 դրամ, դրամարկղային ծախսը՝ 500,000  դրամ: Վերապատրաստվել է 36 պետական ծառայող: Բյուջեն կատարվել է 39 տոկոսով:

«ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում» միջոցառման համար նախատեսվել է 60,015,000 դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 54,238,900 դրամ, բյուջեն կատարվել է 90 տոկոսով: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 5,776,100 դրամ:

Այս համատեքստում ԱԺ աշխատակազմի ղեկավարը հիշատակել է կազմակերպված միջոցառումները, որոնց շարքում են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումը, ավանդույթ դարձած ամառային դպրոցը, որին Երեւանից եւ մարզերից մասնակցել է 55 աշակերտ: Ներդրվել են կարծիքների հավաքագրման ու քաղաքացիների էլեկտրոնային եղանակով հերթագրման համակարգեր:

Վերը նշված միջոցառումների արդյունքում հանրության շրջանում ՀՀ ԱԺ-ի՝ որպես պետական կառույցի իրազեկման աստիճանն աճել է՝ նախկին 36 տոկոսի փոխարեն կազմելով 58 տոկոս:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների» գծով ճշտված բյուջեն կազմել է 144,825,500 դրամ, դրամարկղային ծախսը՝ 128,101,100 դրամ, բյուջեն կատարվել է 88 տոկոսով, շեղումը պայմանավորված է  տարադրամի կուրսի փոփոխմամբ:

«Աջակցություն կուսակցություններին  եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 520,733,700 դրամ, դրամարկղային ծախսը՝ 520,732,500  դրամ, բյուջեն կատարվել է 100 տոկոսով:

«ՀՀ ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառմամբ  վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել էր 127,375,000 դրամ: Մրցութային ընթացակարգերով պայմանավորված՝ տնտեսվել է 17,212,600 դրամ:

«ՀՀ ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման շրջանակում նախատեսվել է 107,813,400 դրամ: Նշված միջոցառման դրամարկղային ծախսը կազմել 76,850,000 դրամ կամ բյուջեն կատարվել է 71 տոկոսով՝ պայմանավորված գնման գործընթացների տնտեսումներով: Միջոցառման շրջանակում ԱԺ աշխատակազմի կողմից իրականացվել է հիմնական մասնաշենքի 4 վերելակների կապիտալ վերանորոգում, շենքերի անվտանգության տեսահամակարգի արդիականացում եւ փոխարինում նորերով, շենքերի հակահրդեհային համակարգի արդիականացում, նոր մասնաշենքի 4 հանձնաժողովների նիստերի սրահների վերանորոգում:

Դավիթ Առաքելյանն ընդգծել է, որ շարունակվում եւ խորանում է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Այս տարի ՄԱԶԾ-ի հետ ստորագրվել է համագործակցության հերթական հուշագիրը՝ 3 տարի տեւողությամբ: Նրա խոսքով առաջին անգամ խորհրդարանը՝ որպես պետական մարմին, ներդրում է ունենալու այս ծրագրում:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ զգալի բարեփոխումներ են իրականացվել խորհրդարանում: Այս առումով նա ընդգծել է թե՛ նիստերի դահլիճների տեխնիկական վերազինման, թե՛ միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման կարեւորությունը:

Պատգամավորները հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձել են իրականացվող աշխատանքների որակի ապահովմանը, ԱԺ դերի բարձրացմանն ուղղված հարցումներին, ԱԺ աշխատակազմի մասնագիտական հմտությունների ու կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումներին: Կարեւորվել են ԱԺ աշխատակազմում աշխատանքն առավել գրավիչ դարձնելուն ուղղված քայլերը:


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...