Տպել
04.06.2024
Նախագծով լրացվում են «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքի հասկացությունները
1 / 4

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման բնագավառում համակարգված գործունեություն, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացում, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը:

Նախագծով լրացվում են օրենքի հասկացությունները՝ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն, տրանսպորտային միջոցներ, ավելանում է պետության կողմից գնման իրավունքի ժամկետը. այն 1-ից  դառնում է 2 ամիս, ստեղծվում են լիազորող նորմեր՝ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգի ու չափորոշիչների սահմանման համար:

Առաջարկվում է ամրագրել իրավական նորմ, որը ՀՀ կառավարությանը հնարավորություն կտա սահմանելու մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը:

Ակնկալվում է, որ  նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության եւ անվտանգության համակարգված գործունեությունը:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: