Տպել
04.06.2024
ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ներկայացվել է 2023 թ. պետական բյուջեի կատարողականը
1 / 11

Եվրոպական ինտեգրման ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 4-ին շարունակվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը:

Նիստը վարել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը նախ ներկայացրել է ստացվող վարկերի եւ դրամաշնորհների վերաբերյալ ֆինանսական տեղեկատվությունը:

Եվրոպական միությունից, ԵՄ կառույցներից եւ ԵՄ պետություններից հաշվետու տարում ստացվել են 10 մլրդ 186 մլն դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որոնցից նպատակայինը կազմել է 6 մլրդ 421 մլն դրամ, ոչ նպատակայինը` 3 մլրդ 765 մլն դրամ: ԵՄ-ից ստացված պաշտոնական դրամաշնորհները կազմել են ընդհանուր պաշտոնական դրամաշնորհների 77,7 տոկոսը:

ԵՄ-ից ստացվել են շուրջ 19 մլրդ 890 մլն դրամի վարկեր, որոնք եղել են նպատակային, կազմել են արտաքին աջակցությամբ ստացվող վարկերի 16 տոկոսը: Դրանց հաշվին իրականացվել են ծախսեր. վարկերի հաշվին` 13 մլրդ 485 մլն դրամի, դրամաշնորհների հաշվին` 5 մլրդ 834 մլն դրամի ծախս:

ԵՄ աղբյուրներից ստացված միջոցների հաշվին կատարված բյուջետային ծախսը կազմել է 29,7 տոկոս: ԵՄ վարկերի հաշվին տրամադրված ենթավարկերը 7 մլրդ 222 մլն դրամ են եղել` կազմելով տրամադրված ենթավարկերի 72,6 տոկոսը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը 2023 թվականի պետական բյուջեի կատարման տեսանկյունից ներկայացրել է Արտաքին գործերի նախարարության գնահատականը ՀՀ-ԵՄ գործընկերության վերաբերյալ: Տարին աննախադեպ ակտիվ է եղել: Փոխնախարարն ընդգծել է ՀՀ վարչապետի ելույթը Եվրոպական խորհրդարանում. առաջին անգամ Հայաստանի ղեկավարը հրավիրվել էր` ելույթ ունենալու ԵԽ-ում: Դրան հաջորդել էր Արտգործնախարարի հրավերը` մասնակցելու ԵՄ արտգործնախարարների խորհրդի աշխատանքային հանդիպմանը:

Որպես համագործակցության նոր ոլորտ` Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է անվտանգությունը` հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակը եւ Հայաստանի համար այդ ոլորտի նկատմամբ զգայունությունը: Հայաստան-ԵՄ քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսության 2 նիստ է տեղի ունեցել: Ըստ նախարարի տեղակալի` այդ ոլորտի ամենաշոշափելի արդյունքը Հայաստանում երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայումն էր:

Որպես կարեւոր ուղղություն` Պարույր Հովհաննիսյանը մատնանշել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ դիմակայունության բարձրացումը: Նշվել է, որ անցած տարի այդ բոլոր ուղղություններով մեկնարկել է նոր ձեւաչափ` ուղղված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի թարմացմանը: «Այդ համատեքստում հյուրընկալեցինք ԵՄ համապատասխան առաքելությանը եւ այժմ ակտիվ քննարկում ենք մեր գործընկերության առաջնահերթությունների ընդլայնումն ու խորացումը, որը որակապես գործընկերության նոր աստիճանի կհասցնի»,- ասել է զեկուցողը:

Մարդասիրական ոլորտում համագործակցությունից խոսելով` նախարարի տեղակալը փաստել է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն դոնորը, նշել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցությունը գերազանցում է 12 միլիոնը: Նրա խոսքով ԵՄ-ն ուշադրության է արժանացնում նաեւ Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած աղետալի իրավիճակը: Առանձնահատուկ ընդգծվել է Եվրոպական խորհրդարանի հետ համագործակցությունը:

Շարունակվում են աշխատանքներն Արեւելյան գործընկերության ձեւաչափում, Հայաստանն ակտիվ ներգրավված է տարբեր միջոցառումներում եւ տարբեր մարմինների աշխատանքներին:

Ըստ փոխնախարարի` ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ մեկնարկի ուղղությամբ մոտ ապագայում դրական շարժ  պետք է արձանագրվի:

Որպես հրավիրյալ` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ տնտեսական օրակարգի այն հարցերին, որոնք իր ղեկավարած նախարարության կառավարման տիրույթում են:

Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների հարցադրումներին: