Տպել
05.06.2024
Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկումները
1 / 19

Հաշվետու տարում նախարարությունն իրականացրել է 20 ծրագիր՝  203 միջոցառմամբ: Սկզբնական հաստատված պլանը եղել է 250 մլրդ 268 հազար դրամ, տարեկան ճշտված պլանը կազմել է 232 մլրդ 998 մլն դրամ, փաստացի ծախսերը՝ 218 մլրդ 780 մլն դրամ: Ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 93.9 տոկոս, նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել 8.3 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի  համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը՝ ըստ ոլորտների ֆինանսական ցուցանիշների:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն իրականացրել է 1 ծրագիր՝ 3 միջոցառմամբ: Տարեկան սկզբնական պլանը կազմել է 374 մլն դրամ, ճշտված պլանը՝ 369 մլն դրամ: Կատարվել են 368 մլն դրամի փաստացի ծախսեր՝ ճշտված պլանի համեմատ 99.3 տոկոս կատարողականով, նախորդ տարվա համեմատ  ծախսերն աճել են 13.5 տոկոսով:

Հանրային հեռարձակողի խորհուրդն իրականացրել է 1 ծրագիր՝ 7 միջոցառմամբ: Տարեկան սկզբնական պլանը կազմել է 7 մլրդ 676 մլն դրամ, կատարվել են 7 մլրդ 721 մլն դրամի փաստացի ծախսեր, կատարողականը կազմել է 92.3 տոկոս, նախորդ տարվա համեմատ  ծախսերը կազմել են մոտ 61.2 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է առանձին միջոցառումներով:

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գլխավոր հանձնակատարի  գրասենյակն իրականացրել է 2  ծրագիր՝ 10 միջոցառմամբ: Տարեկան սկզբնական պլանը կազմել է 636 մլն դրամ, ճշտված պլանը՝ 812 մլն դրամ, փաստացի կատարողականը՝ 793 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 10.1 տոկոսով:

Այնուհետեւ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է հաշվետու տարվա ընթացքում նախարարության իրականացրած աշխատանքներն ու արդյունքները, տնտեսումները,  նշել նաեւ թերակատարումներն ու խնդիրները: Նախարարը հայտնել է, որ տարեցտարի ավելանում են ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող ֆինանսական միջոցները: «2024 թվականի բյուջեն 2023 թվականի համեմատ ավելի է ավելի քան 38 տոկոսով: Սա նշանակում է, որ ծավալային իմաստով շատ ավելի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել եւ նախարարության աշխատանքների ծավալն էապես աճել է: Միեւնույն ժամանակ, մեր խնդիրները շարունակում են հիմնականում մնալ նույնը»,- ասել է նախարարը՝ նշելով, որ թերակատարումների հիմնական մասը վերաբերում է կապիտալ ծախսերին, թեեւ նախորդ տարի շուրջ 9 մլրդ դրամով ավելի կապիտալ ծախսեր են իրականացվել:

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարվա ցուցանիշները շատ ավելի բարելավված կլինեն:

Նախարարն անդրադարձել է կառուցվելիք Ակադեմիական քաղաքին:

Նրա խոսքով 2023 թվականին ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը, որը նույնանուն ծրագրի հիմնական իրականացնող մարմինն է:

«Հայեցակարգային աշխատանքներն իրականացվեցին Ակադեմիական քաղաքի պատկերացումը եւ հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաեւ ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը:

Զուգահեռաբար շրջանառվում են մի քանի այլ նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված, քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով: Բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:

Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ Ակադեմիական քաղաքի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաեւ իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Գերատեսչության ղեկավարը  կարեւորել է նաեւ բուհերի ընդունելության քննությունները 2 փուլով անցկացնելու վերաբերյալ նախորդ տարի ընդունված կարգը, ինչը նվազեցրել է դիմորդների քննական սթրեսն ու լարվածությունը:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, Հանրային հեռարձակողի խորհրդի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի  գրասենյակի պատասխանատուները ներկայացրել են նախորդ տարի իրականացրած  աշխատանքներն ու կատարողականները: