Տպել
05.06.2024
Խաղային ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ
1 / 4

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով նախաձեռնության կարգավորման հիմքում խաղային ոլորտի հստակ թվային միջոցներով թափանցիկության ապահովումն է եւ վերահսկողության կազմակերպումը:

Զեկուցողը տեղեկացրել է, որ փաթեթի վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ Ֆինանսների նախարարության լիազոր մարմնի եւ խաղային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Արդյունքում խորհրդարան է ներկայացվել նախաձեռնության փոխհամաձայնեցված տարբերակը:

Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:

Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ:

Առանձնացվել են «խոշոր շահում» եւ «ուղղակի շահում» կատեգորիաները: Խոշոր շահման շեմ է սահմանվել 5 մլն դրամը: «Եթե միանվագ շահումը գերազանցում է 5 մլն դրամը, ապա առաջանում է հարկ, եւ գործում է հարկային գործակալի ինստիտուտը: Այսինքն՝ խաղի կազմակերպիչը՝ որպես հարկային գործակալ, պարտավոր է 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկը փոխանցել պետական բյուջե»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել՝ որոշվել է, որ շահումը պետք է արտացոլվի տարեկան հայտարարագրում, եթե տարվա ավարտին այն դրական մեծություն է: «Տարվա ընթացքում խաղային հաշիվը համալրվում է, որից հետո կատարվում են խաղադրույքներ: Եթե տարվա ընթացքում կատարված խաղադրույքների արդյունքում կա դրական մեծություն (որեւէ խաղացող հաղթող է եղել տարվա ընթացքում), ապա կկիրառվի եկամտային հարկի 5 տոկոս դրույքաչափ, եւ այդ դեպքում ֆիզիկական անձը դա կարտացոլի տարեկան հայտարարագրում եւ կփոխանցի պետական բյուջե»,- մանրամասնել է Ռուստամ Բադասյանը:

Որեւէ խաղի մասնակցելու արգելք է սահմանվել իրավապահ մարմինների աշխատակիցների համար:

Նախագծից հանվել է «այլ շահումով խաղեր» հասկացությունը: «Որոշում ենք կայացրել, որ ՀՀ տարածքում պետք է արգելվի որեւէ այլ շահումով խաղի գործունեությունը, որը տարբերվում է շահումով եւ ինտերնետ շահումով խաղերից»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը:

Փոփոխություններ են եղել նաեւ որոշ հասկացությունների ձեւակերպման մասով, խմբագրվել են մի շարք հոդվածներ:

Նախատեսվել է խաղային օպերատորի ընտրության երկփուլ համակարգ:

Պատգամավորները դիտարկումներ են ներկայացրել փոփոխությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանն էլ բարձրաձայնել է իր առաջարկը ոլորտում սահմանվող հարկման դրույքաչափը փոփոխելու վերաբերյալ:

Քննարկման արդյունքում որոշվել է խաղային գործունեությունը կարգավորող օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգել`  բարձրացված հարցերի վերաբերյալ լրացուցիչ քննարկում կազմակերպելու նպատակով:


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...