Տպել
07.06.2024
Նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով
1 / 4

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է մի շարք կազմակերպությունների եւ տնտեսավարողների համար սահմանել պարտականություն` շինության մուտքը եւ բոլոր կողմերը դրսից ապահովվելու տեսահսկման համակարգերով. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում «Ոստիկանության մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ:

Ըստ նախարարի տեղակալի` առաջարկվում է նաեւ շտապօգնության մեքենաների եւ ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեւորասրահները եւս տեսահսկման համակարգերով ապահովվել:

Նախատեսվում է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղիներում առկա ցանցային համալրում, ինչը կնպաստի 24/7 ռեժիմով իրավիճակին տեղյակ լինելուն: Դա հնարավորություն կտա նախականխող ընթացքներ իրականացնել:

Արփինե Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են անձանց իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիների անձնական տվյալների պահպանությանը, անձնական տվյալների պաշտպանության գործակալության եզրակացությանը:

ՆԳ նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում շարունակել քննարկումները` հասկանալու համար` ներդրված երաշխիքները բավարա՞ր են, թե` ոչ, եւ թե ինչ գործիքակազմ է անհրաժեշտ ավելացնել:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը հարակից զեկույցում առաջարկել է օրենսդրական փաթեթին կողմ քվեարկել:

Հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել: