Տպել
12.06.2024
Կառավարության անդամները խոսել են 2023 թ. պետբյուջեի կատարողականի մասին
1 / 5

2023 թվականի ՀՀ կառավարության դժվարին մարտահրավերներից էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության հարցերը: Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները  եղել են 2023 թվականի պետբյուջեի կարեւոր հարցերից մեկը: Բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար եւ սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ. ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 12-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ընթացքում:

Զեկուցողը փաստել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում ՀՀ կառավարության արձագանքը եղել է արագ եւ համակարգված:

«Մեկ ամիս առաջ Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային երկարաժամկետ աջակցության ծրագիրը, որի իրականացումը կմեկնարկի մի քանի օրից: Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, որոնք մտադիր են Հայաստանում հաստատել երկարատեւ բնակություն»,- ընդգծել է Տիգրան Խաչատրյանը եւ հավելել, որ աջակցության ծրագրով նախատեսված է պարտադիր պայման` շահառու ընտանիքի բոլոր անդամները պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ:

Ծրագրային աջակցությունը նախատեսված է երեք ուղղություններով` բնակարանների գնում, տան կառուցում կամ անցյալում գնված բնակարանների համար գործող հիպոտեկային վարկի մարում:

Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ 2023 թվականի պետական բյուջեով իրականացված կապիտալ ծախսերին: «Այս ծախսերի ավելացումը եւ դրանց որակական բարելավումներն ամբողջ տարվա ընթացքում եղել են Կառավարության ուշադրության կենտրոնում եւ Հայաստանի տնտեսական պոտենցիալի ավելացման հարցում ունեն մեծ նշանակություն»,- նշել է զեկուցողը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ 2023 թվականը մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքների ծավալով բավականին հաջողված տարի է եղել, ինչը նպաստել է երկրի տնտեսության տարբեր ենթակառուցվածքների, համայնքների զարգացմանը:

2023 թվականին նախարարությանը հատկացած բյուջեն բավականին մեծ է եղել` շուրջ  275 մլրդ դրամ, ինչը հնարավորություն է տվել տարբեր ուղղություններով մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել եւ ապահովել 98,2 տոկոս կատարողական:

Գնել Սանոսյանը, անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած աղետին եւ վթարավերականգնողական աշխատանքներին, նշել է, որ Կառավարությունը երկու մարզի 9-ը համայնքների 39 բնակավայրերում, որտեղ ապրում են 113 հազար քաղաքացի, հայտարարել է աղետի գոտի: Նրա գնահատմամբ աղետից կրած վնասները բավականին մեծ են եղել եւ մեծ խմբեր են ներգրավվել աղետի գոտում աշխատանքներ իրականցնելու համար: Նախարարը տեղեկացրել է, որ ունենք 24 վնասված կամուրջ, որոնցից 16-ը շահագործման առումով պիտանի չէ, լուրջ վնասներ է կրել երկաթուղին: Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին` հսկայածավալ ուժեր ներդնելու եւ աղետի դեմ պայքարելու համար:

2023 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ բյուջեի տարեկան կատարողականի վերաբերյալ եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն առաջնորդվում է կատարողականի վերաբերյալ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության, ինչպես նաեւ երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացմամբ: ԿԲ նախագահը նշել է, որ թեեւ արտաքին պահանջարկի աստիճանական նվազման հետեւանքով տնտեսական աճի տեմպը դանդաղել է, սակայն Հայաստանում շարունակել է մնալ բարձր:  Տնտեսական աճի բարձր  տեմպերի պահպանմանը նպաստել են դեպի Հայաստան աշխատուժի, ֆինանսական եւ կապիտալի ներհոսքի,  զբոսաշրջության զգալի աճի, ինչպես նաեւ Հայաստանից արտահանման պահանջարկի ավելացման միտումները: 2023 թվականին տնտեսական աճը գերազանցել է բյուջեով նախատեսված թիրախավորված ցուցանիշը` կազմելով 8.7 տոկոս:  Հաշվետու տարում Հայաստանում գնաճային միջավայրն էականորեն մեղմվել է, որին հիմնականում նպաստել են ԿԲ-ի իրականացրած դրամավարկային քաղաքականությունը, արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններն ու դրամի արժեւորումը: 12-ամսյա գնաճը 2023 թվականին կազմել է մինուս 1.7 տոկոս, որը ուղեկցվել է 12-ամսյա բնականոն աճի համանման վարքագծով եւ տարեվերջին կազմել է մինուս 0.4 տոկոս:

Զեկուցողը նշել է, որ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականությունը կրել է հակացիկլիկ, զսպող բնույթ: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն աճել է եւ կազմել 23.4 տոկոս:  Բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 2 տոկոս ծրագրավորված 3.1-ի դիմաց: Պակասուրդը ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին: Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ  եզրակացությունը ձեւավորել է բյուջեի ծախսային մասի  83.86 տոկոսի կամ 2 տրիլիոն 137 մլրդ դրամի նկատմամբ 10 պետական մարմիններում իրականացրած 40 ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների  հիման վրա:

«2023 թվականին պետական բյուջեի կատարման վերաբերյալ  հաշվետվությունը բոլոր էական առումներով ճշմարիտ է ներկայացնում 2023 թվականի պետական բյուջեի մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը եւ Հաշվեքննիչ պալատը 2023 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում: Սա հնարավոր 4 կարծիքներից մեկն է»,- Հաշվեքննիչ պալատի կարծիքը ներկայացրել է կառույցի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` հավելելով, որ այս արձանագրումն ամենեւին չի նշանակում, թե 2023 թվականին  պետական բյուջեի կատարման ընթացքում եւ արդյունքներով չեն արձանագրվել անհամապատասխանություններ եւ դրանք չեն հանգեցրել ֆինանսական հաշվետվությունների` վերջիններիս համար սահմանված կարգավորումներից տարբերվող գործելակերպով պատրաստման: