Տպել
13.06.2024
Խորհրդարանին ներկայացվել է ՀՀ ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
1 / 1

Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Մի քանի մասից բաղկացած հաղորդումը  մանրամասն ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել:

Այս զարգացումների եւ այդ երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության պարագայում միջազգային ապրանքահումքային շուկաներում դիտվել է հատկապես պարենամթերքի եւ էներգակիրների գների էական նվազում, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսությունում գնաճային միջավայրը որոշակիորեն մեղմվել է: Այս պայմաններում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ճնշումները 2023 թվականի առաջին կիսամյակում էականորեն թուլացել են, իսկ երկրորդ կիսամյակում արդեն դիտվել են գնանկումային ազդեցություններ: Տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունում արձանագրվել է սպասվածից բարձր ակտիվություն` պայմանավորված գերազանցապես ծառայությունների եւ շինարարության ոլորտում արձանագրված բարձր աճով: Զուգահեռաբար բարձր մակարդակում է պահպանվել նաեւ համախառն պահանջարկը, որն առաջին կիսամյակում արտահայտվել է հատկապես ծառայությունների ոլորտում դրսեւորած արտաքին պահանջարկի էական ավելացմամբ:

Մարտին Գալստյանի տեղեկացմամբ 2023 թվականին ԿԲ վարչական ծախսերի նախահաշիվը կազմել է 10 մլրդ դրամ, որի դիմաց կատարողականը կազմել է 8.6 մլրդ դրամ կամ 85 տոկոս:

ԿԲ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին: