Տպել
19.06.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում
1 / 2

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Պեկինում:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Հունիսի 19-ին ԱԺ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շոկրատ Զաքիրի հետ:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը, որն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցությունը զարգանում է մեծ տեմպերով:

Քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ համագործակցության արդյունավետությանը վերաբերող հարցեր:

ԱԺ փոխնախագահը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում, ինչը դրական ազդեցություն ունի նաեւ մեր տարածաշրջանի կայունության եւ անվտանգության վրա:

Նա ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում «Մեկ Չինաստան» սկզբունքին:

Արձանագրվել է, որ չինական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման համար կարեւորագույն նշանակություն ունեցող ենթակառուցվածքային, այդ թվում՝ ինչպես միջազգային մրցութային, այնպես էլ ներդրումային ծրագրերին:

Չինական ընկերություններն ակտիվ ներգրավված են ՀՀ-ում իրականացվող խոշոր նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի եւ Կապսի ջրամբարի շինարարությունը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, այն ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասն է: Երկուստեք ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» ու «Մեկ գոտի եւ մեկ ճանապարհ» նախաձեռնությունների կարեւորությունն ու վեր հանվել դրանց ընդհանուր կետերը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր մասնակցությունը բազմակողմ համագործակցության տարածաշրջանային կառույցներում: Այս տեսանկյունից առանձնացվել է Շանհայի կազմակերպության շրջանակում համագործակցության որակական զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկայացվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքների հարգումը կարեւոր հիմք են այն հաստատելու համար»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Խոսելով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին՝ Շոկրատ Զաքիրը նշել է, որ Չինաստանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը, ինչպես նաեւ արտաքին հարաբերություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը:

Շոկրատ Զաքիրն իր ցավակցությունն է հայտնել Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում վերջերս տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ եւ Չինաստանի աջակցությունն է հայտնել աղետի գոտու վերականգնման հարցում:

Համաչինական ժողովի նախագահի տեղակալը կարեւորել է Չինաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ հավելյալ ջանքեր կգործադրվեն առկա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջեւ բարեկամական կապերը, մշակութային եւ հոգեւոր արժեքները, պետությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: