Տպել
20.06.2024
Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ-ի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից են. Հակոբ Արշակյանը՝ Լոու Ցինծյանին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հունիսի 19-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանի հետ:

«Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկը: Այն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում»,- նշել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի: Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարեւոր գործոն է տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման համար: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կծառայի ոչ միայն մեր տարածաշրջանին, այլ նաեւ հյուսիսը հարավին եւ արեւելքն արեւմուտքին կապող միջազգային լոգիստիկ ծրագրերին»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լոու Ցինծյանը, անդրադառնալով մեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատման անհրաժեշտությանը, նշել է, որ Չինաստանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցում խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացին:

Հանդիպմանը քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված խնդիրները: Մեծապես կարեւորվել են տրանսպորտային հաղորդակցության ոլորտում չինական Չինաստան-Հայաստան ուղիղ ավիաչվերթների գործարկումը (ինչը կարեւոր է զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության խորացման տեսանկյունից), ինչպես նաեւ ուղեւորների եւ բեռների միջազգային տրանսպորտային փոխադրումները:

Ընդգծվել են հայկական արտադրանքների՝ Չինաստանում ներկայացվածության խրախուսման մեխանիզմները, Չինաստանում անցկացվող ցուցահանդեսներին հայ տնտեսավարողների մասնակցությունը եւ ապրանքների առկայությունը:

Հանդիպմանը կարեւորվել է Չինաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը:


20.06.2024
Նիստ կգումարի ԱԺ մշտական հանձնաժողովը
Հունիսի 25-ին` ժամը 11:00-ին, 414 սրահում տեղի կունենա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:...

20.06.2024
Ազգային ժողովում մեկնարկել է «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթացը
Ազգային ժողովի աշխատակազմն ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ միջազգային գործընկերների աջակցությամբ հունիսի 19-21-ը կազմակերպել է «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ միտված ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների կարողությունների բարելավմանը: ԱԺ աշխատակազ...

20.06.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Բրազիլիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը կարեւորել է հայ-բրազիլական միջխորհրդարանական հարաբերությու...

20.06.2024
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցել է հայկական գրքերի շնորհանդեսին: Այն տեղի է ունեցել Պեկինի գրքի 30-րդ միջազգային փառատոնի շրջանակում, որտեղ ներկայացված էին ավելի քան 220 հազար չինարեն եւ օտար լեզուներով գրքեր: Փառատոնին ներկայացված էին հայերենից...