Տպել
20.06.2024
Ազգային ժողովում մեկնարկել է «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթացը
1 / 16

Ազգային ժողովի աշխատակազմն ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ միջազգային գործընկերների աջակցությամբ հունիսի 19-21-ը կազմակերպել է «Բարեվարքության համակարգը հանրային ծառայությունում» թեմայով վերապատրաստման դասընթաց՝ միտված ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների կարողությունների բարելավմանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ հանրային ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների անկյունաքարերից մեկը բարեվարքության համակարգի ներդրումն ու հաջողությամբ կիրառումն է:

«Նման համատեղ ծրագրերը եւս մեկ անգամ հավաստում են Ազգային ժողովի աշխատակազմի նպատակամղվածությունը ոչ միայն հզորացնելու աշխատակազմի կարողությունները, այլեւ շարունակելու եւ ավելի խորացնելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ կայուն զարգացող համագործակցությունը: Վստահ եմ, որ նման եւ այլ ծրագրերը կլինեն մեզ համար օրակարգային՝ ստեղծելով ամուր հարաբերությունների հարթակ»,- հավելել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը:

«Ուրախ եմ լինել այստեղ՝ ձեզ հետ, քանի որ դուք եք ՀՀ կառավարությունում բաց եւ թափանցիկ գործելակերպի ու բարեվարքության ամրապնդման գործընթացի շարժիչ ուժը: Ինձ իսկապես ոգեշնչում է այն փաստը, որ ՀՀ կառավարությունը, քաղաքացիները, դուք բոլորդ հաստատակամորեն շարունակում եք հանձնառու լինել ժողովրդավարության սկզբունքներին՝ չնայած վերջին տարիներին ձեր առջեւ ծառացած հսկայական մարտահրավերներին: Կոռուպցիան ոչ ժողովրդավար երկրներին բնորոշ հիմնական արատն է, եւ ՀՀ քաղաքացիները վճռականորեն մերժել են այն 2018 թվականի թավշյա հեղափոխության ժամանակ»,- իր խոսքում ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Ջոն Ալելոն: Նա նշել է, որ այս ծրագիրը ներառում է թիրախավորված աջակցություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին եւ Արդարադատության նախարարությանը, որոնք առանցքային դերակատարություն ունեն պետական հատվածի առաջնագծում՝ բարեվարքության ապահովման գործում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, կարեւորելով նմանօրինակ դասընթացների շարունակականությունը, նշել է, որ դրանք կօժանդակեն պետական ծառայողներին ունենալ հստակ պատկերացում իրենց գործողությունների հաջորդականության, իրավական կարգավորումների առանձնահատկությունների վերաբերյալ: Ըստ նրա՝ կարեւոր է, որ պետական ծառայողներն ունենան հստակ վարքագծի պատկերացում իրավական որոշակիության տեսանկյունից եւ կառուցեն իրենց իրավահարաբերությունները պետական ծառայության դաշտում:

Դասընթացի մասնակիցները քննարկել են հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները, բարեվարքության բաղադրիչները, շահերի բախման վերաբերյալ իրավական առնանձնահատկություները, «նվեր», «ոչ նյութական առավելություն», «թույլատրելի եւ ոչ թույլատրելի նվերներ» հասկացությունները եւ այլ հարցերը: