Տպել
21.06.2024
Պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ հետ առկա համագործակցությունը. Հակոբ Արշակյան
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի կոմկուսի կենտկոմի միջազգային վարչության նախարարի տեղակալ Չեն Ճոուի հետ:

«ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի շրջանակում Չինաստանն ունի առանձնահատուկ դեր ու նշանակություն: Մենք պատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ հետ առկա համագործակցությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ կարգավիճակն իր դերակատարումն է ունեցել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ համագործակցության հետագա զարգացման համար:

ԱԺ նախագահի տեղակալը ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում, ինչը դրական ազդեցություն ունի նաեւ մեր տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա:

Հայաստանը եւ Չինաստանը հնագույն քաղաքակրթությունների ֆորումի ակտիվ մասնակիցներ են եւ համագործակցում են նաեւ այդ ձեւաչափով: Հայաստանն իր մասնակցությունն է ունենում Ասիայում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի ստեղծման գործում եւ պատրաստ է ակտիվ համագործակցել չինական կողմի հետ մշակութային հուշարձանների պահպանության հարցում:

Երկուստեք շեշտվել է հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցությունը, որի ծավալները հետեւողականորեն զարգանում են մեծ տեմպերով: 2023 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները գրանցել են աննախադեպ ցուցանիշներ: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է:

Չինական ընկերություններն ակտիվ ներգրավված են ՀՀ-ում իրականացվող խոշոր նախագծերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի եւ Կապսի ջրամբարի շինարարությունը: Հյուսիս-հարավ ավտոճանապարհը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, որը ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասն է եւ լավագույնս կարող է շաղկապվել չինական «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության հետ: Հայկական կողմը հետաքրքրված է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի մասնակցությամբ նախագծերով:

Հանդիպման ընթացքում ԱԺ փոխխոսնակը հանգամանալից ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացվող սահմանազատման եւ սահմանագծման մասին ձեռք բերված պայմանավորվածությունները: Հակոբ Արշակյանը նշել է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն:

Հանդիպմանը կարեւորվել են համագործակցության լայն շրջանակի պահպանումը, Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ համագործակցությունը:


21.06.2024
ՀՀ-ում եվրոպական ինտեգրման օրակարգի առաջամարտիկը Կառավարությունն ու իշխող մեծամասնությունն են. Արման Եղոյան
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտախորհրդարանական չորս քաղաքական ուժերի առաջարկով հունիսի 21-ին հրավիրել է «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ: Ըստ հանձնաժողովի նախագահ Ա...

21.06.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը:Լսումները հրավիրվել են Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ:...