Տպել
21.11.2006
Ֆրանսիայի Հանրապետության դեսպանը Ազգային ժողովում

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Սերժ Սմեսովին:

ԱԺ նախագահը հաջողություններ մաղթեց նրան իր դիվանագիտական առաքելության մեջ` նշելով, որ նրա պաշտոնավարությունը թե Հայաստանում, թե Ֆրանսիայում, թե  Եվրոպայում համընկնում է հետաքրքիր եւ իրադարձություններով հարուստ ժամանակաշրջանի հետ:Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Սերժ Սմեսովը իր նշանակումը որակեց իբրեւ դժվարին ու պատվավոր` արձանագրելով ֆրանս-հայկական հարաբերությունների բարձր մակարդակը բոլոր ոլորտներում, որը պահպանելն ու զարգացնելը դեսպանը համարեց իր հիմնական նպատակը: Նա նշեց, որ Եվրամիության հետ ստորագրված եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը զարգացման նոր հեռանկարներ է բացում Հարավային Կովկասի երկրների համար` դա կարեւոր քաղաքական ու տնտեսական քայլ է: Եվրաինտեգրման գործընթացներում  դեսպանը բարձր գնահատեց Հայաստանի հաջողությունները` նշելով, որ այդ գնահատականը կիսում են նաեւ ԵՄ-ում: Պարոն Սմեսովը հավաստեց, որ Ֆրանսիան հետայսու էլ պատրաստ է աջակցել Հայաստանին: Նա հատկապես կարեւորեց գործողությունների ծրագրում ներառված տարածաշրջանային համագործակցության, ազատ առեւտրի գոտու ստեղծման, հակամարտությունների հաղթահարման հեռանկարները` դրանք համարելով զարգացման ռեալ հնարավորություններ:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացներին, նշեց, որ ստորագրված փաստաթուղթը վերջիվերջո պետք է ծառայի` նախապատրաստելու երկիրը Եվրամիությանն անդամակցությանը, բայց դրա համար պետք է տեւական ու լուրջ աշխատանք: Պարոն Թորոսյանը, արձանագրելով Հայաստանի տնտեսական հաջողությունները, նշեց, որ դրանց զիջում են քաղաքական ու հասարակական կյանքի բարեփոխումները, մինչդեռ ներդաշնակ զարգացման հաջողությունների հասնելու համար այդ գործընթացները պետք է լինեն համընթաց: Տարածաշրջանային համագործակցության հնարավորության համար ԱԺ նախագահը կարեւորեց միջազգային հանրության հստակ դիրքորոշումը` առանց որի հնարավոր չէ եւ հակամարտությունների հաղթահարումը. օրինակ` Ադրբեջանը գտնում է, որ նախ պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, նոր քննարկվեն համագործակցության հեռանկարները, մինչդեռ Հայաստանը կողմ է փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը ու համագործակցությանը, որը կհեշտացնի նաեւ հակամարտության հաղթահարումը: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ այդ ճանապարհով է  ձեւավորվել նաեւ Եվրամիությունը: Դեսպանի խնդրանքով` պարոն Թորոսյանն անդրադարձավ նաեւ սահմանադրական բարեփոխումներին ու Ընտրական օրենսգրքին. նշվեց, որ սահմանադրության բարեփոխումը կարեւոր քայլ է ժողովրդավարության զարգացման ճանապարհին եւ արդեն հասարակական-քաղաքական կյանքում այդ փոփոխությունները սկսել են դրական արդյունքներ ունենալ ժողովրդավարության խորացման առումով, թեպետ խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո միայն ամբողջ ծավալով կսկսեն գործել: ԱԺ  նախագահը նշեց,  որ Ընտրական օրենսգիրքը շուրջ 100 հոդվածներում, ԵԽ ու ԵԱՀԿ փորձագետների առաջարկությունների ներառումով, կատարված փոփոխություններից հետո առաջիկայում կընդունվի նաեւ երկրորդ ընթերցումով`  ընտրություններից շուրջ հինգ ամիս առաջ: Եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման համար ԱԺ նախագահը կարեւորեց ոչ միայն Ընտրական օրենսգիրքը` օրենսդրության առկայությունը, այլեւ քաղաքական կամքը եւ քաղաքական ուժերի ձգտումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը. պարոն Սմեսովը, նշելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում են, հույս հայտնեց, որ դա կնշանավորի նոր դրական փուլ, այնուհանդերձ` Հայաստանում հարցի լուծման հեռանկարներին հոռետեսորեն են վերաբերվում: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հայկական կողմի դիրքորոշումը որակեց ոչ թե հոռետեսական, այլ` իրատեսական: Նա դրական գնահատեց համանախագահների աշխատանքը` հատկապես վերջին շրջանում, երբ ազգային ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները ոչ թե հակադրվում, այլ համադրվում են: Այնուհանդերձ` ԱԺ նախագահը տարակուսանք հայտնեց, որ Ադրբեջանում իրապես ուզում են լուծված տեսնել հակամարտությունը, քանի որ շարունակում են Հայաստանի ու հայերի նկատմամբ ատելության խորացման քաղաքականությունը, ռազմատենչ հայտարարությունները, ռազմական ծախսերի աստղաբաշխական աճը: ԱԺ նախագահի գնահատմամբ` միջազգային հանրությունն ավելի պահանջկոտ պետք է լինի ստանձնած պարտավորությունների կատարման առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր: